Ժողովուրդը գուցե հիշի 2009 թվի համավարակից H1N1 տեսակը գրիպի, H3N2–ը։ Հենց այս երկու շտամներն են հիմա շրջանառվում

  • 18:59 08.02.2025

Հայաստանում պահպանվում է սուր շնչառական վարակների ակտիվությունը։ Ավելացել է դիմելիությունը բուժհաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ։ Մասնավրապես, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կա հոսպիտալացման թվի աճ, հատկապես մանկահասակ տարիքի, մինչև 5 տարեկան երեխաների, որոնք պայմանավորված են գրիպի բարդություններով, այդ թվում՝ թոքաբորբով։

«Ժողովուրդը գուցե հիշի 2009 թվի համավարակից H1N1 տեսակը գրիպի, H3N2–ը։ Հենց այս երկու շտամներն են հիմա շրջանառվում, Ա գրիպի այս երկու ենթատեսակները, որոնք որ ունակ են առաջացնել անգամ համավարակներ, այսինքն, շատ արագ տարածվում են, շատ արագ վարակում են մեծ թվով մարդկանց, և պատճառ դառնում բարձր հիվանդացության», – ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, 2025 թվականի 5–րդ շաբաթվա ընթացքում, առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ է դիմել 9105 պացիենտ։

«Իրավիճակը վերահսկելի է, սա ընդամենը սեզոնին բնորոշ վիճակագրություն է», – ասում է Աիդա Հովհաննիսյանը։