ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post տաբլոիդին ասել է, որ հեռախոսով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի մասին։
Հայտնի չէ, թե երբ է դա տեղի ունեցել։ Հարցին, թե քանի՞ անգամ են երկու նախագահները խոսել հեռախոսով, Թրամփը պատասխանել է. «Գերադասում եմ չասել»:
Վլադիմիր Պուտինը, ասել է Թրամփը, ցանկանում է, որ «մարդիկ դադարեն մահանալ [ռազմի դաշտում]»։
ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ ունի հստակ ծրագիր, թե ինչպես վերջ տալ պատերազմին։ «Հուսով եմ՝ դա արագ կլինի»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «նրանք ցանկանում են հանդիպել» (ենթադրաբար նկատի ունի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին)։
Մյուս շաբաթ կայանալիք անվտանգության հարցերով Մյունհենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի Զելենսկու հետ։ Ավելի վաղ Թրամփը ենթադրել էր, որ ինքը կարող է հաջորդ շաբաթ հանդիպել Զելենսկու հետ։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ցանկանում է Զելենսկու հետ 500 միլիոն դոլարի գործարք կնքել՝ հազվագյուտ մետաղների և ուկրաինական գազի հասանելիության համար՝ անվտանգության երաշխիքների դիմաց։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող «ոչ հաստատել, ոչ հերքել» The New York Post-ի հաղորդագրությունը Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի վերաբերյալ, գրում է Interfax-ը։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հաղորդակցությունը տեղի է ունենում տարբեր ուղիներով։