«Ես տեսա, թե ինչպես են քանդում մեր տունը։ Հեծանիվս էլ երեւի կոտրել են».6-ամյա Արեն

  • 13:41 09.02.2025

Միջազգային դատարանում կոլեկտիվ հայցը կարո՞ղ է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները հայրենիքի, ունեցվածքի և վերադարձի նկատմամբ։

Մինչ Արցախից բռնագաղթելը Արենը ծնողների հետ ապրում էր Ստեփանակերտի Կոլցեվոյի բազմաբնակարան շենքում։ Գնում էր մանկապարտեզ, ընկերների հետ բակում խաղում: 2023 թվականի սեպտեմբերին, Ստեփանակերտից հեռանալիս, ըստ ծնողների, չորսամյա տղան ճիշտ է հասկացել իրավիճակը և չի դժգոհել, երբ ստիպված էին թողնել իր բոլոր խաղալիքները։

Հիմա Արենը վեց տարեկան է. «Ես մեծերի բացատրությունների կարիք չունեմ, ես ինքս հասկանում եմ, որ դա սխալ է, որ այսպես չպետք է լինի։ Հիշում եմ ռմբակոծությունները, սովը, ցուրտը Երեւանի ճանապարհին։ Համացանցում տեսա, որտեղ իմ սենյակն ավերված էր, խաղալիքներս ու գրքերս ցրված էին շուրջը։ Հետո մեր շենքը քանդելու կադրեր եղան։ Երևի իմ հեծանիվն էլ են կոտրել», ասում է Արենը։

Ստեփանակերտից տիկին Ջուլիետային պատմել են, որ սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, որ իրենց շենքի բնակարանների բոլոր պատուհանները քանդված են, իսկ շենքը թալանված տեսք ունի: Մի քանի օր շարունակ տարեց կնոջ հարազատները չէին կարողանում հանգստացնել նրան։ Երբ նա և ամուսինը բռնի տեղահանվեցին Ստեփանակերտից, նրանք ստիպված եղան թողնել այն ամենը, ինչ ստեղծել էին գրեթե 60 տարվա ընթացքում։ «Նրանք կանգ չեն առնելու, շարունակելու են սպանել ու թալանել հայերին. սա է թուրքերի և ադրբեջանցիների նպատակը։ Անպատժելիություն զգալով՝ նրանք շարունակում են հանցագործությունները։ Բայց մենք շարունակում ենք վերադարձի հույս ունենալ: Չնայած, քանի որ շենքը թալանվել է, ամենայն հավանականությամբ այն ամբողջությամբ կքանդվի»,- ասում է նա։

Քրիստինայի ծնողները երրորդ սերնդի ստեփենակերտցիներ են։ Արցախի մայրաքաղաքի պատմաճարտարապետական ​​հուշարձան Թումանյան պողոտան առաջիններից էր, որ հիմնովին ավերվեց ադրբեջանցիների կողմից։ Քրիստինայի տունը գտնվում էր այս պողոտայում։ Քրիստինայի ընտանիքը, ինչպես արցախցիների մեծ մասը, շարունակում է խնամքով պահպանել Ստեփանակերտում՝ Թումանյան պողոտայում «Անշարժ գույքի սեփականության վկայականը»։

Քարին տակ գյուղն ամբողջությամբ հողին է հավասարվել ադրբեջանցիների կողմից. չկան բնակելի շենքեր, գերեզմաններ, եկեղեցիներ, հին թաղամասեր կամ աղբյուրներ։ Սվետլանան ծնվել, մեծացել և ամուսնացել է Քարին տակում։ Հիմա նա ոչինչ չունի։ Տունն ավերվել է, ւնչպես և հարազատների՝ ամուսնու, որդու, ծնողների գերեզմանները։ Կինը խաղաղություն է փնտրում համագյուղացիների հետ շփման մեջ և խոստովանում է, որ ցանկանում է մահանալ, որպեսզի մյուս աշխարհում վերամիավորվի իր ընտանիքի հետ։

Արցախի յուրաքանչյուր բնակավայր պատմական նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլեւ ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական ամեն ինչ, և դատելով արբանյակային լուսանկարներից ու սոցցանցերում հրապարակումներից՝ թալանն ու ավերածությունները սկսվել են Արցախի օկուպացիայի առաջին օրվանից։ Փաստորեն, արցախցիների նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս։ Վերջերս արբանյակները ցույց տվեցին Հադրութի շրջանի մեկ այլ ավերված գյուղ՝ Մայրամաձորը։

Իրավապաշտպաններն ասում են, որ Արցախի ժողովուրդը պետք է հավաքականորեն դիմի միջազգային դատարան և հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ։ Թեկուզ հայկական կողմը բազմաթիվ «առիթներ» ուներ դրա համար՝ հայերի ջարդերը Բաքվում, Սումգայիթում, տեղահանությունը Շահումյանից, Մարաղա գյուղի ջարդը և բազմաթիվ այլ ողբերգական դեպքեր։

Բայց հայկական կողմից երբեք կոլեկտիվ հայց չի եղել միջազգային ատյաններում։

Իսկ ադրբեջանցիները Արցախում արագորեն ոչնչացնում են հայկական ամեն ինչ՝ ճնշելով ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկակապես, որպեսզի հայերը մտափոխվեն Արցախ վերադառնալ, որտեղ իսպառ ոչնչացվել են նրանց բոլոր արժեքները։

Ի՞նչն է հայկական կողմի պասիվացման պատճառը, և ինչո՞ւ աշխարհը չի արձագանքում ակնհայտ հանցագործություններին։ Գուցե պատճառն այն է, որ Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ կոլեկտիվ հայց չկա՞։ Վերջին 30 տարիների ընթացքում բավարար պատճառներ են եղել ՄԻԵԴ և այլ դատարաններ բողոքարկելու համար:

Տեղեկանք՝

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուգսմենի գրասենյակը, MOUNTAINS OF KARABAKH կազմակերպությունը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլն պարբերաբար զեկուցում են Արցախում ադրբեջանցիների գործողությունների մասին։

Վերջերս արցախյան մի քանի տասնյակ կազմակերպություններ ՄԱԿ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջեցին առաքելություն ուղարկել Արցախ՝ կասեցնելու և կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերը։

Նամակում նշված է, որ 2020 թվականից ադրբեջանցիները հիմնովին ավերել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձում և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Պղծվել են հայկական հոգեւոր կենտրոնները, ավերվել հարյուրավոր խաչքարեր։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ, ներառյալ հազարավոր ցուցանմուշներ, թալանվել են Ադրբեջանի կողմից։ Ավերվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներ, հուշաքարեր, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ առարկաներ։ Ամբողջությամբ ավերվել են Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և Հադրութ քաղաքի պատմական թաղամասը։ Ստեփանակերտում հողին են հավասարեցվել ամբողջ թաղամասեր, ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը։

Այս ցանկին արդեն կարելի է ավելացնել Մայրամաձոր գյուղը և Ստեփանակերտի Սարյան փողոցը։

Ալվարդ Գրիգորյան