Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էջմիածնում հանել են Արցախի դրոշը:
Կգա մի օր, երբ Արցախի դրոշները կրկին կվերադառնան իրենց տեղերը, չնայած բոլոր մահերին, գրել է Սերգեյ Շահվերդյանը եւ տեսանյութ հրապարակել, թե ինչպես են Էջմիածնում մի խումբ մարդիկ բարձրացնում Արցախի դրոշը եւ ուռաներ վանկարկում:
Մի վախեցեք Արցախի դրոշից, այն ծածանվել է ամբողջ աշխարհում:
Մարութ Վանյան
ֆոտո: Արցախի դրոշը ծածանվում է ԱՄՆ-ում: Սերժ Սարգսյանը Մասաչուսեթսում այցելել է Հին Հյուսիսային եկեղեցի և Հայկական ժառանգության պուրակ: 2016թ.
Ի դեպ, Արցախի դրոշի պատմության մասին ժամանակին մանրամասն գրել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:
——————————————————————————
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱՀԵ ՖԱԹԱԼՆ Է
1992 թվականի սկզբներին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, նախաձեռնելով նորանկախ երկրի դրոշի ստեղծման գործընթացը, այդ գործում ներգրավել է նաև մեր ֆրանսահայ բարեկամ, մտավորական ու բարերար Օշին Եղիազարյանին: Ա.Մկրտչյանը նաև հայտնել է իր մտորումներն ու խորհրդածություններն ստեղծվելիք դրոշի էսքիզի վերաբերյալ:
Օ. Եղիազարյանը, վերադառնալով Ֆրանսիա, ձեռնամուխ է եղել այս գործին, խնդրելով նաև իր ամերիկահայ ընկերոջ, բավականին ճանաչված նկարիչ Վահե Ֆաթալի աջակցությունը: Վերջինս խանդավառությամբ է ընդունել առաջարկը և անմիջապես ձեռնամուխ եղել գործին: Օ.Եղիազարյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ. Ֆաթալի հետ միասին գործուն մասնակցություն է ունեցել դրոշի էսքիզների ստեղծման գործում:
Պատրաստվել է երկու էսքիզ: Մեկը ԼՂՀ ներկայիս դրոշն է, մյուսի մոտավոր նկարագրությունը հետևյալն է՝ սպիտակ ֆոնի վրա պատկերված է արծիվ՝ թռիչքի մեջ (երևում են գլուխն ու մի թևը), կա սև գույնի կալիգրաֆիա, արծիվի հետ միասին թևածում է ՀՀ դրոշը: Ցավալի է, բայց առաջին տարբերակն ընտրելուց հետո այս երկրորդ տարբերակը չի պահպանվել:
Այսպիսով, կարելի է միանշանակ պնդել, որ ԼՂՀ դրոշի հեղինակը ամերիկահայ նկարիչ Վահե Ֆաթալն է, նաև այն, որ էսքիզների ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել Օշին Եղիազարյանը:
Եւ ամենակարևորը՝ դրոշի ստեղծման գործընթացն անձամբ նախաձեռնել ու վերահսկում էր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը: Ցավոք սրտի, նրան չվիճակվեց տեսնելու երկրորդ հայկական պետականության դրոշի իր իսկ պատվիրած էսքիզները:
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ