Թրամփը վախեցնում է Իրանին «դժոխային ռմբակոծումով». ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

  • 17:34 09.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին ասել է, որ «դժոխային ռմբակոծությունների» փոխարեն նախընտրում է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքել:

«Ես կուզեի, որ Իրանի հետ գործարք կնքվեր ոչ միջուկային (հարցերի – խմբ.) վերաբերյալ: Ես դա կնախընտրեի դժոխային ռմբակոծություններից: . . . Նրանք չեն ուզում մեռնել։ Ոչ ոք չի ուզում մեռնել։ Եթե ​​մենք գործարք կնքենք, Իսրայելը չի սկսի նրանց ռմբակոծել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցել իր միջուկային ծրագրի և դրա հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ: Սակայն, նրա խոսքով, բանակցությունները չեն կարող կայանալ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» ռազմավարության շրջանակներում:

«Պատժամիջոցների չեղարկումը պահանջում է բանակցություններ, բայց ոչ «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակներում, քանի որ դրանք կլինեն ոչ թե բանակցություններ, այլ կապիտուլյացիայի ձև», – գրել է Արաղչին X-ում:

«Իրանը չի ցանկանում բանակցել մի երկրի հետ, որը միաժամանակ նոր պատժամիջոցներ է սահմանում», – շեշտել է նա:

Դատելով Դոնալդ Թրամփի խոսքերից՝ ոչ թե ԱՄՆ-ն է «ռմբակոծելու» Իրանը, այլ Իսրայելը, բայց Թրամփի թույլտվությամբ։ Թրամփն ու Նեթանյահուն Վաշինգտոնում պայմանավորվե՞լ են հարվածել Իրանին։ Հանդիպումներից հետո Նեթանյահուն բացահայտ ասաց, որ «Պաղեստինի ինքնավարություն կարող են ստեղծել Սաուդյան Արաբիայում, որտեղ ավելի շատ տարածք կա»։ Իսկ Թրամփը պնդում է Գազայի բնակիչների վտարումը և, համապատասխանաբար, տարածքները Իսրայելի վերահսկողության տակ փոխանցումը։

Պաղեստինում կրկնվում է արցախյան սցենարը, իսկ Իրանը քաղում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման» պտուղները։

Իսրայելի «դժոխային ռմբակոծությունները» անխուսափելիորեն կհանգեցնեն Իրանի և Հայաստանի մասնատմանը, քանի որ Իսրայելի դաշնակից Ալիևը առիթը բաց չի թողնի աղմուկի քողի տակ միացնելու «Հարավային Ադրբեջանը», այսինքն՝ իրանական Ատրպատականը և «Արևմտյան Ադրբեջանը», այսինքն՝ Հայաստանի ողջ հարավը։

Նիկոլ Փաշինյանը, ով Նեթանյահուի հետ միաժամանակ Վաշինգտոնում էր, խոսե՞լ է նման սցենարների մասին։