Ալիևը վախենում է Ռուսաստանի կողմից մահափորձի՞ց

  • 22:50 09.02.2025

Դեկտեմբերի 25-ին GPS-ի հետ կապված խնդիրներ առաջացան ոչ միայն Գրոզնիի վրայով AZAL Embraer-190 մարդատար ինքնաթիռի հետ։ Նույն օրը Ադրբեջանի նախագահի «Բաքու-1» ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հարկադրված է եղել վերադառնալ Բաքու։ Սկզբում հաղորդվում էր, որ նախագահական ինքնաթիռը լքել է Ռուսաստանի օդային տարածքը չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով։ Սակայն հունվարի 5-ին Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը խոստովանել է, որ նախագահական ինքնաթիռը բախվել է արտաքին տեխնիկական խնդիրների, մասնավորապես՝ GPS ազդանշանների կորստի։

Այս իրավիճակը և այլ ներքաղաքական ինտրիգները մեկնաբանել է ընդդիմադիր «Azad söz» հեռուստաալիքի հեղինակ Թուրալ Սադիխլին։ Նախագահական ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին լուրերից անմիջապես հետո նա առաջ քաշեց արտաքին ազդեցության վարկած և, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնեց, որ Իլհամ Ալիևը Բաքու վերադառնալուց հետո չի գնացել իր աշխատասենյակ, այլ գնացել է Զագուլբայի իր ամառանոցը, որտեղ մնացել է ավելի քան մեկ շաբաթ առանց հանրության ներկայության և նույնիսկ աշխատանքի չի գնացել։ Սադիխլիի խոսքով՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ալիևը կրկնապատկել է իր թիկնապահների թիվը և ուժեղացրել անվտանգության միջոցառումներն իր նստավայրի շրջակայքում՝ պարեկային ծառայության աշխատակիցներին տեղավորելով տնից 100 մետր հեռավորության վրա։ Բլոգերը ենթադրել է, որ նման գործողությունները կարող են վկայել նախագահի լուրջ մտահոգության մասին իր կյանքի և անվտանգության համար:

Սադիխլիի ուշադրությունը գրավել է նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի բացակայությունը ինքնաթիռում։ Բլոգերը վարկած է առաջ քաշել Ալիևի դեմ հնարավոր մահափորձի մասին՝ իշխանությունը զավթելու նպատակով։

«Պուտինն Ադրբեջանում ուրիշ մարդ ունի՞, ով իրեն ավելի լավ կծառայի, քան Ալիևը։ Իհարկե, դա Մեհրիբան Ալիեւան է։ Մեհրիբան Ալիևային, նրա դուստրերին և Փաշաևների ընտանիքին ծառայող մարդը՝ Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիայի շրջանավարտ Ֆարիդ Ասկերովն է, ով սերտ կապեր ունի հետախուզական ծառայության բարձրաստիճան գեներալների և գնդապետների հետ, որոնց հետ ժամանակին սովորել է։ Ֆարիդ Ասկերովը Մեհրիբան Ալիևայի զարմիկի՝ Ալթայ Հասանովի կադրերից է, ով համարվում է ողջ Ադրբեջանի «կադրերի բաժնի ղեկավարը»։ Նա նույնիսկ նախարարներ է նշանակում։ Նրա հովանավորյալների թվում են, ըստ Սադիխլիի, Օրհան Սուլթանովը (արտաքին հետախուզության ղեկավար), Ռաշադ Նաբիևը (տրանսպորտի նախարար), Սահիլ Բաբաևը (աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար), Ֆարիդ Գարիբովը (երիտասարդության և սպորտի նախարար) և Քամրան Ալիևը (գլխավոր դատախազ): Փաշաևին սպասարկում են Պետական ​​անվտանգության ծառայությունը՝ Ալի Նագիևի և նրա տեղակալ Ջեյհուն Շադլինսկու գլխավորությամբ։ Փաստորեն, Փաշաևները տիրապետում են ֆինանսական կայսրությանը, իսկ ուժայիններին կիսում են Նախիջևանի, Ալիևի թիմի հետ։

Բլոգերը ենթադրել է, որ Մեհրիբան Ալիևան կարող է դառնալ իրավահաջորդը, եթե Իլհամ Ալիևը հեռանա։ «Իսկ ինչո՞ւ իշխանությունը չեն վերցնում իրենց ձեռքը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ հարաբերություններ ունի Ալիևը Պուտինի հետ, ինչ դժգոհություններ կան, ինչ պայմանավորվածություններ կան։ Հենց Պուտինի շնորհիվ է Մեհրիբանը նշանակվել առաջին փոխնախագահ։ Իսկ Ալիևի մահվան դեպքում Մեհրիբանը միշտ ռեզերվում է»,- եզրափակել է Թուրալ Սադիխլին։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Մեհրիբան Ալիևայի երկարատև բացակայությանը հանրային միջոցառումներից. նա ներկա չի եղել հունվարի 20-ին Ալիևի այցին “Շեհիդների ծառուղի”, քաղաքային ընտրությունների քվեարկությանը և նախագահի՝ Դավոս կատարած այցին, ուր Ալիևը գնացել էր դուստրերի հետ։ Սադիխլին նրա բացակայության մի քանի պատճառ է ներկայացրել՝ սկսած հնարավոր պլաստիկ վիրահատությունից մինչև այն ենթադրությունը, որ Ալիևը կարող էր մեկուսացնել կնոջը՝ վախենալով դավադրությունից։ Նա կասկած է հայտնել փետրվարի 7-ին այգու բացմանը Ալիևների զույգի մասնակցության մասին տեղեկատվության հավաստիության վերաբերյալ՝ նշելով, որ միջոցառումն արվել է հունվարի 29-ին։ Հունվարի 29-ի իր պոստում նա նույնիսկ քննադատել էր առաջին փոխնախագահին քվեարկությանը չներկայանալու, բյց այգու բացմանը մասնակցելու համար, ինչի մասին մամուլն այն ժամանակ լռում էր:

Միևնույն ժամանակ, ՖԲ օգտատերերը նկատել են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն արտացոլված է նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի Instagram-ի գրառումներում։ Եթե ​​նախկինում նա սոցցանցերի իր պաշտոնական էջերում գրառումներ էր անում թե՛ ադրբեջաներեն, թե՛ ռուսերեն, ապա այժմ սկսել է գրել ռուսերենի փոխարեն անգլերեն։

Այս թեմային է անդրադարձել նաև մեկ այլ ընդդիմադիր ալիք՝ «Azərbaycan saatı»:

Լրագրող Գանիմատ Զահիդը մեկնաբանել է փետրվարի 7-ին Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ավիավթարի վերաբերյալ։ «Նախագահի վարչակազմից արտահոսած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ի վաղ առավոտյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի, Դմիտրի Պեսկովի և արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ միասին մեկնել է Բաքու։ Այնտեղ նրանք հանդիպել են Փոլադ Բյուլբյուլ օղլուին, Ադրբեջանի նախագահի օգնական Ֆուադ Ալեսքերովի, Հիքմեթ Հաջիևի և Նաջմեդդին Սադիխովի (Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ) հետ։ Ռուսաստանից ժամանած հյուրերը ցանկացել են հանդիպել Իլհամ Ալիևի հետ, սակայն նա հրաժարվել է, որից հետո պատվիրակությունը վերադարձել է։ «Ի՞նչ է կանգնած այս գաղտնի այցի հետևում և ի՞նչ հակասություններ կան Ալիևի և Պուտինի միջև», – հարցնում է Զահիդը և պնդում, որ Ալիևի բոլոր աշխարհաքաղաքական ինտրիգները հիմնված են նյութական շահերի և իր իշխանությունը պահպանելու ցանկության վրա:

Նշենք, որ փետրվարի 6-ին քաղաքագետ Ֆ.Մամեդովը սոցցանցում իր գրառման մեջ ենթադրել էր, որ մոտ ապագայում Բաքու կարող է ժամանել Ռուսաստանից բարձրաստիճան հյուր, քանի որ լրատվամիջոցներով և ԱԳՆ-ով փոխանցվող ազդակները արդյունք չեն տալիս։

Գանիմաթ Զահիդն անդրադարձել է նաեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. նրա խոսքով, այն բանից հետո, երբ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը լքեցին երկիրը, Սիրիան դուրս եկավ Մոսկվայի վերահսկողությունից, և նրա տեղը հաջողությամբ զբաղեցրեց Թուրքիան, որը շահեց այս բոլոր իրադարձություններից։ Այնուամենայնիվ, տասը տարվա հակամարտությունը, սոցիալական և քաղաքական քաոսը հանգեցրել են երկրի փլուզմանը, որն այժմ վերակառուցման կարիք ունի: Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Սիրիայի վերականգնմանը։ Նա, իհարկե, համաձայնել է՝ ակնկալելով ստանալ կոմերցիոն օգուտներ։

Այնուհետև Զահիդը ներկայացրեց իրադարձությունների իր տեսլականը. «Շինարարական ծրագրերը զգալի ռեսուրսներ են պահանջում իրականացնելու համար: Այդ նպատակով Ալիեւը դիմել է Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա համաձայնի գումար օգտագործել իրենց ընդհանուր միջոցներից (՞): Սակայն այս խնդրանքը զայրացրել է Ռուսաստանի ղեկավարին։ Նա սա համարեց անձնական վիրավորանք, քանի որ 10 տարի Սիրիայում է կռվել, պատերազմ է մղում Ուկրաինայում, իսկ նրանից փող են խնդրում Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիրը վերականգնելու համար։ Հնարավոր է, որ Ալիևը կարող էր Պուտինին ակնարկել, թե ինչ շահույթ կստանան այդ աշխատանքներից, բայց նա հրաժարվեց։

Ավելին, Պուտինը Կրեմլ է հրավիրել Մեհրիբան Ալիևային։ Այս հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի կեսերին՝ ավիավթարից առաջ։ Նա այնտեղ է գնացել դստեր՝ Լեյլայի ուղեկցությամբ՝ առանց Իլհամ Ալիեւի։ Մի քանի օր սպասելուց հետո Պուտինը նրանց ընդունեց և խոսեց Էրդողանի և Ալիևի համատեղ առևտրային նախագծերի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա բացասական ազդեցության մասին և նրանց շահերին պատճառած վնասի մասին։ Լրագրողի խոսքով՝ Պուտինը Մեհրիբան Ալիևային առաջարկել է դիտարկել իշխանությունն իր ձեռքը փոխանցելու հնարավորությունը, եթե Իլհամ Ալիևը չհրաժարվի իր ծրագրերից, ինչին Մեհրիմանը չի առարկել և չի տվել իր համաձայնությունը։

Ինչ վերաբերում է Ի.Ալիեւի ինքնաթիռի հետ կապված միջադեպին, ապա հեռուստաալիքի տվյալներով՝ Ալիեւը վիրավորված է եղել եւ չի ցանկացել գնալ ԱՊՀ գագաթնաժողովին, սակայն Պուտինը պնդել է, և Ալիեւը ստիպված է եղել թռնել։ Թռիչքի ժամանակ, ըստ լրագրողի, Ալիեւը իսրայելական հետախուզությունից նախազգուշացում է ստացել հնարավոր սպառնալիքի մասին։ Նրանք լուրջ հիմքեր ունեին կասկածելու, որ Ալիեւի դեմ ծրագրեր կան։ Նրա կարծիքով՝ Ալիևի և Պուտինի հակասությունները կապված են ոչ թե աշխարհաքաղաքական շահերի, այլ ֆինանսական ռեսուրսների բաշխման հետ, ընդդիմադիր լրագրողի խոսքերով՝ «ընդհանուր «սև փողի բաժանման, ավելի ճիշտ՝ օգտագործելու իրավունքի» հետ։ Մեկ այլ հակասություն կապված է ոչ այնքան ադրբեջանա-թուրքական սերտ հարաբերությունների հետ, որքան Իլհամ Ալիևի փորձերի՝ ի շահ Էրդողանի օգտագործելու «սեւ ֆոնդը», – եզրափակել է լրագրողը։