Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Մինչ Ֆրանսիա գնալը Փաշինյանը Արմենպրեսում հոդված է հրապարակել, որտեղ ասում է, իբրեւ “տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են”:
“Խաղաղության նախադրյալների” ցանկում Փաշինյանը թվարկում է միայն Հայաստանի քայլերը։ Ընդ որում նշում է, որ Բաքուն չի պատասխանում ՀՀ Կառավարության առաջարկներին՝ սպառազինության երկկողմ վերահսկողության, ճանապարհների բացման եւ այլի մասին։
Տպավորություն է ստեղծվում, թե էսկալացիայի աղբյուրը հենց Հայաստանն է եղել, և քանի որ հիմա ՀՀ-ն փոխել է իր քաղաքականությունը, էսկալացիա չպիտի լինի։
Բաքվի մասով նա միայն հիշատակում է “ընթացող թատերականացված դատավարությունը, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերումը և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը”, ինչից եզրակացնում է, որ “Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ”: Բայց մեկ է՝ էսկալացիայի նախադրյալ չկա։
Ինչի՞ մասին է Փաշինյանը խեսելու Մակրոնի հետ “էսկալացիա թույլ չտալու” ֆոնի վրա։ Ինչպես հայտնի է, Բաքվի վերջին պահանջներից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է հետ վերադարձնի Ֆրանսիայի կողմից մատակարարած զենքը։ Մյուս պահանջը՝ Մինսկի խմբից հրաժարվելն է։
2025-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:
Բրիս Ռոքֆոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել Ֆրանսիայից 2021 թվականին, և նրան պաշտոնանկ անելու մասին հրամանագիր կարծես չի եղել։
Իսկ օրերս ԱՄՆ կատարած Փաշինյանի այցի մասին պաշտոնական տեղեկություններում անգամ բառ չկա Մինսկի խմբի մասին։ Ավելին՝ ԱՄՆ կողմից Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն նորերս Պետդեպարտամենտում բարձր պաշտոնի է նշանակվել։
Արդյո՞ք մանթրայի պես “էսկալացիա չկա, և մենք չենք պատերազմելու” կրկնող Փաշինյանը Մակրոնին “կխնդրի” հետ ընդունել մատակարարված զենքը եւ հետ կանչել Մինսկի խմբում իր համանախագահությունը։