«Երբ ես փոքր էի, կարծում էի, թե աշխարհի բոլոր հայտնի մարդիկ մեր գյուղում են ծնվել, անգամ` Մոցարտը»

  • 12:58 10.02.2025

Վերջերս տեղի ունեցավ արցախցի գրող Հերմինե  Ավագյանի պատմվածքներից մեկի հիման վրա բեմադրված «Արեւի մարդիկ» ներկայացումը, որի բեմադրիչը եւս արացխցի է՝ Ռուզան Խաչատրյանը։

Պիեսի դերասանական կազմում ընդգրկված էին եւ նորեկб եւ վաստակավոր դերասաններ՝ Արցախից ու ՀՀ-ից։

Step1-ը զրուցել է  պիեսի հեղինակ Հերմինե Ավագյանի հետ։

 

-Ե՞րբ է գրվել «Արեւի մարդիկը», այն հենց նախատեսվա՞ծ էր ներկայացման համար։ Երբ գրում էիք, Ձեր պատկերացումներում, ո՞ր գյուղն էր։

 -Պատմվածքների գիրքս, որը կոչվում է «Վազում եմ, սպասիր», 2020-ին է լույս տեսել` պատերազմից օրեր առաջ։ Այնտեղ ընդգրկված բոլոր պատմվածքները ծնունդ են առել իմ հայրենի գյուղում` Աշանում։ Ինչպես ներկայացման մեջ է ասվում` երբ ես փոքր էի, կարծում էի, թե աշխարհի բոլոր հայտնի մարդիկ մեր գյուղում են ծնվել, անգամ` Մոցարտը։ Իրականում մեր գյուղն ինձ համար մի չգրված սիմֆոնիա էր, որն անհայտ մնաց աշխարհի բոլոր հայտնիներին։ Այդ սիմֆոնիան եղել ու մնում է իմ ներշնչանքը, անգամ այսօր, երբ այն մնացել է կամրջից այնկողմ։ Ինչ գրում եմ այսօր, այդ երաժշտությունն իմ ականջներում է, այն ինձ է հասնում հեռվից` արևի բնակավայրից… Այդ ներշնչանքով է գրքի հիման վրա ծնունդ առել «Արևի մարդիկ»-ը։

Բայց ես հատուկ չեմ նշել իմ գյուղի անունը, որովհետև այն կարող է լինել պատմություն Արցախի ու Հայաստանի ցանկացած գյուղի մասին։ Մեր բոլորիս սկիզբը գյուղն է, մեր արմատն այնտեղ է։

-Կա՞ն իրական կերպարներ։ Մի մասում, որն ի դեպ ինձ համար ամենահուզիչն էր, հենց Ձեր պատմությունն է՝ մայրիկիդ ծնունդը, Մոնթեն, արձագանքներն ինչպի՞սին էիք սպասում։

-Ներկայացման բոլոր հերոսներն իրական են և ոչ մի պատմություն հորինված չէր։ Ես ուղղակի նոր կյանք եմ տվել նրանց։ Ուզում եմ, որ նրանք միշտ ապրեն ու ամեն մեկը գտնի իր կերպարը այս պատմության մեջ։ Գտնի իր բաժին արևը, իր բաժին Մոնթեին, իր մորը, իր բաժին գյուղը, իր բաժին հայրենիքը, իր ներսի մութ և լուսավոր կողմերը։ Իմ անունը չկար ներկայացման մեջ, ես այնտեղ ես չէի, ես դու էի, նա էր, դուք էիք, մունք էինք, մենք էինք։ Երկու անգամ խաղալուց հետո հասկացա, որ հանդիսատեսը ծափ է տալիս նույն հատվածում։ Այն ժամանակ, երբ բեմին ընդգծվում է Մոնթեի կերպարը։ Դա ինձ համար ամենաբուռն զգացումն էր. ես հասկացա, որ մենք մեր մեջ կրում ենք ազգային իղձը, հերոսների պատիվը, արժանապատվությունը։ Ու առաջին անգամ, այս կորուստներից հետո, զգացի, որ սերմը նորից ծիլ է տալու, ծառ է դառնալու, բերք է տալու։ Մենք մի օր քաղելու ենք այդ բերքը, հաստատ։

-Ինձ համար՝ որպես դիտողի,  բարբառի պակաս կար, նպատակայի՞ն էր գրական հայերենը, թե՞ սա բոլոր գյուղերի պատմությունն է, որովհետեւ ի վերջո արտագաղթն ամենուր կա։

– Արտագաղթը միշտ էլ կա, հատկապես այսօր` Հայաստանի բոլոր գյուղերում։ Սա պատմություն է մեզ շրջապատող իրականության մասին։ Բայց մեզ համար ապրելու խորհրդանիշ պիտի լինեն հերոսները` երեկվա, այսօրվա, վաղվա հերոսները։ Այո, դիտավորյալ չենք օգտագործել բարբառը։ Նախ դա արհեստական կհնչեր, եթե դա Արցախի բեմին չէ` արցախցի դերասաններով, և երկրորդ` պետք չէր շեշտադրված մունքը մենքից առանձնացնել։

Այս պատմության մեջ մենք ներկայացրել ենք այն, ինչը ընկած է մեր գոյության հիմքում և ի հակադրություն դրան` այն, ինչը խոչընդոտում է մեր գոյությանը։ Այս ներկայացման մեջ հերոսները գիտեն, թե ինչ է հողի ուժը և գիտեն, որ Տիգրանիկները անցողիկ են, հողը պահողները` մնայուն, ինչպես լեռները։ Մենք հասարակ մահկանացուներ ենք, մենք չենք կարող կատարյալ լինել, մեր մեջ ապրում են թե՛ Դավիթներ, թե՛ Տիգրանիկներ։ Դա անխուսափելի է։ Բայց մեր հաղթանակները միշտ դավիթներն են բերել ու նրանց սերունդները նստարանը երբեք դատարկ չեն թողնելու։ Դա է մեր հարատևության գրավականը։ Դա է, որ մի օր նորից հետ է բերելու մեր երազանքը։

-Կուզեի նաեւ երեւանաբնակ եւ արցախցի դերասանների միասին խաղից խոսեինք, սա թերեւս առաջին «թատերական ինտեգրման» փորձն էր։

-Արցախից երկու դերասան էին ընդգրկված։ Դա շատ չէ, բայց դա լավ սկիզբ է։ Ես չեմ սիրում ինտեգրվել բառը։ Դա մեր պարագայում հակաբառ է։ Մենք մի երկրում ենք, որին մայր ենք կոչել միշտ, իսկ մոր հետ չեն ինտեգրվում, նրան պարզապես սիրում են, որովհետև նա միակն է։ Մեր սկիզբը Արցախն է։ Դա չի փոխվելու երբեք։ Մեր տունը Արցախում է, մենք չենք կարող ուրիշ տուն ունենալ, որ ավելի մերը լինի։ Արցախը մեր ծննդյան վկայականն է։ Այն չի կարող փոխվել։ Մենք պետք է դիտենք Հայաստանը որպես մեր բնօրրան, բայց մեր զավակները պիտի իմանան, թե որտեղ է մեր արմատը, որպեսզի մի օր գնան, նորից ջրեն այն։

-Ինչպիսի՞ն էր դերասանների արձագանքը։

-Դերասանները շատ հուզված էին, միաժամանակ` ամեն մեկը զգում էր, որ իր մեջ ապրում է արևը։ Նրանք իսկապես արևի մարդիկ էին իրենց զգում։ Կուլիսներում մերթ արտասվում էին, մերթ ժպտում։ Ամեն մեկը ապրել է իր դերը, զգացել, թե ինչ է խաղում։

 -Շնորհակալություն անկեղծ զրուցի համար։

Հերմինե Ավագյանի հետ զրուցել է Մարիամ Սարգսյանը