Հարկերի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողներն այսօր գործադուլ ու բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը կասեցնի Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը։ Բողոքողների մեծ մասը առեւտրի ոլորտում գործունեություն ծավալողներն են։
«Մեզ պետք չէ ոչ գույքագրում, ոչ հայտարարագրում, մեզ պետք է, որ կարողանանք հանգիստ աշխատել ու ապրել։ Մենք ուզում ենք մեր երկիրը ծաղկեցնենք, չենք ուզում մեր երկիրը տանենք կործանման։ Թող իրենք մեր երկիրը չկործանեն, հերիք է, մասնատում են երկիրը, տեսնում ենք փաստերը, թե ոնց են գնալով մեր երկիրը փոքրացնում, տեսեք՝ քանի կիլոմետրից ինչքան թողեցին։ Թե՞ այս ամենն անում են, որ ժողովրդի ուշադրությունը շեղեն ու իրենց անելիքն անեն։ Թող իրենք մտածեն մեր սահմանների մասին, ոչ թե ժողովրդի գրպանից վերջին կոպեկը հանելու մասին։ Արդեն հանել են, էլ ոչինչ չկա, հիմա պետք է թողնեն, որ մեր մանր ու միջին բիզնեսն աճի»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Նրանք նշեցին, որ այս քաղաքականությամբ իշխանություններն ուզում են Հայաստանն Արցախի օրը գցել։ «Արցախցիներն ասացին՝ Արցախը հանձնելուց վեց ամիս առաջ իրենց բոլոր ապրանքները գույքագրել ու տվել են պետությանը, ինչի՞ համար էին գույքագրում, որ տային ադրբեջանցո՞ւն։ Հիմա Հայաստանն են ուզում Արցախի օրը գցե՞լ։ Մենք ոչ գույքագրելու ենք մեր ապրանքը, ոչ էլ հայտարարագրելու ենք»։