40+10 ծրագրի ավարտը մոտենում է. մարդիկ խոսում են անելանելի վիճակի մասին

  • 14:13 10.02.2025

Ասես, ամեն ինչ անեն` Հայաստանում կյանքն անտանելի դարձնելու համար

 Նախ նրանց, ում աչքին երեւում է այդ փողը, թող հանգիստ լինեն․ արցախցիներն այդ գումարով չեն գնում Մալդիվներ հանգստանալու, այլ մի բան էլ ավելացնում եւ վերադարձնում են` որպես բնակարանի վարձ խազայինին, ով ցանկացած պահի կարող է վերադառնալ ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից եւ “խնդրել” ազատել բնակարանը, գին ավելացնել, երբ կցանկանա: Արցախցին էլ ուրիշի պատերից ներս ապրելով, ամեն գիշեր կմտածի, թե վարձն ինչպես տալ` առերեսվելով անտանելի սոցիալ-հոգեբանական դժվարություններին:

 2024թ. մարտին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր 40+10 հազար դրամ ծրագրը  9 ամսով երկարաձգելու մասին:

Ահա թե ինչ մեկնաբանություններ են գրում մտահոգ արցախցիները Ֆեյսբուքում:

Լաուրա Գրիգորյան. Մենք պետք է պահանջենք, որ փոխհատուցեն մեր կորցրած բնակարանների համար, կամ մեզ ապահովեն բնակարանով… Ամբողջ Երևանը վեր է ածվել շինհարթակի, թող մի քանի շենք հատկացնեն, կամ թաղամաս որևէ կառուցեն` հատուկ արցախցիների համար։ Առ այսօր ՀՀ տված այդ 50 հազարները տալիս ենք միայն բնակվարձ ու դեռ մի բան էլ ավելի` կոմունալ ծախսեր և այլն… Ուստի, թող չասեն, որ մեզ օգնություն է տալիս ՀՀ կառավարությունը։ Կոնկրետ Երևանում ապրողներս ոչ մի աջակցություն ստացած չկանք:  Թող մեզ բնակարանով ապահովեն` հետո արդեն “կտրեն” այդ 50 հազարները։ Արցախցին կյանքում մուրացկան չի եղել, և իր կամքով չի լքել իր տունը: Մենք մեր ոտնահարված իրավունքները պետք է պաշտպանենք, բա՜վ է:

Նունե Գաբրիելյան. Ահավոր վիճակում ենք հայտնվելու, հատկապես քիչ անդամներով ընտանիքները։ Թող արցախցիներին խմբերի չբաժանեն, նրանք բոլորն էլ անխտիր հայտնվելու են նույն դժոխային պայմաններում, թեկուզ հիմա էլ դրախտ չէ:

Նունե Առաքելյան. Բոլոր արցախցիները փաստի առաջ են կանգնելու: Վերնախավից մինչև մեր հարցը չլուծեն, իրավունք չունեն աջակցությունը կասեցնել: Ես փող ու տոն չեմ ուզում այստեղ, ես տներ ունեմ ԱՐՑԱԽՈՒՄ, թող մեր հարցը արդար լուծեն:

Ալվարդ Սարգսյան. Պետք է պայքարենք մեր իրավունքների համար, արթնանալ է պետք, հերիք է, ինչքան փորձությունների ենթարկվեցինք:

Վեներա Բարատյան. Մեզ ամեն հինչից զրկել են: Հայտարարում են, որ Ադրբեջանից պարտք ու պահանջ չունեն… Պազր չէ, որ ցանկանում են մեզնից ազատվել: Այսօր դրոշն են պոկում, վաղը Արցախ բառը հնչեցնողին դատելու, բանտ են տանելու:

Լոլիտա Կարապետյան. Բոլորս էլ անելանելի վիճակում ենք հայտնվելու: Դա հարցի լուծում չէ 40.000, հետո` 30.000։ Ախր տարածքներ կան, որտեղ ձմեռը սկսում է հոկտեմբերից ու ավարտվում ապրիլի կեսերին: Տան վարձ գումարած կոմունալներ: Անգամ ներկայիս 50.000-ը չի օգնում: Մարդիկ իրենց աշխատավարձի մեծ մասն են անգամ ավելացնում, որ կարողանան վարձ տալ: Պատկերացնում եք առանց օգնության ինչ վիճակում են հայտնվելու 90%ը:

Աննա Գասպարյան. Ես ընդհանրապես չեմ ստանում: Կարելի է ասել գոյության պայքար է մեր կյանքը: Մենք վաղուց ենք փաստի առաջ կանգնած…

Անուշ Զիվանշիրյան. Փաստի առաջ շատերն են կանգնած, քանի որ աշխատանք չունեն:

Կարինե Հակոբյան. Արցախցիների 10%-ի կարգավիճակը կարող է ապահով լինել, իսկ 90%-ը հայտնվելու են անելանելի վիճակում, երբ վարձավճարները 150 000-ից է սկսվում` նույնիսկ գյուղարանքներում, մարզերում։ Հայտնվելու ենք կառավարության շենքի առաջ, ուրիշ ելք չունենք:

 Արայիկ Ապրեսյան. Իսկ որ արցախցին չէ փաստի առաջ կանգնելու…

 Իվետա Պետրոսյան. Պետք է քիչ հնչեցնել “երկրից ստիպված կհեռանալու են” թեզը, քանզի հենց դա է Հայաստանի իշխանությունների նպատակը` քշել արցախցիներին մայր Հայաստանից։

 Հրանուշ Սաֆարյան. Մեզ պետք չէ 50 հազարները… Դավաճաներն ինչպես ծախել են Արցախը, այնպես էլ թող հետ բերեն, մենք գնանք մեր տներում ապրենք առաջվա պես:

Սեդա Մկրտչյան. Գնալու տեղ էլ չունենք: Պետք է այնպես անել, որ չկասեցնեն այդ ծրագիրը: Այս տարի ու կես ժամանակահատվածում, ոչինչ չի փոխվել, ոչնչով չեն ապահովել:

Անուշ Ասրյան. Այս պարագայում արցախցին զրկվել է իր հայրենիքից, հողից, տնից ու ունեցվածքից, աշխատանքից։ Ինչքան էլ նա վաստակի, մեկ է, քիչ է, տան վարձ, կոմունալ ծառայություններ, սնունդ, հիգիենիկ պարագաներ, ուսման և այլնի ծախսերը հոգալու համար։ Արցախցին հայտնվելու է էլ ավելի ծանր կացության մեջ:

Անահիտ Բաբայան. Հայաստանը նաեւ մեր երկիրն է, մենք ոչ մի տեղ չենք գնալու, խաբված էլ չենք կարող ապրել, մեր սեփականության հիման վրա թող տան մեր գումարը: Մենք ունենք մեր տների վկայականները, մենք կորոշենք, որտեղ տուն գնեել: Մենք նույնպես ՀՀ քաղաքացի ենք, ինչու պետք է փոխենք մեր անձնագրերը: Հերիք է տանջված ժողովուրդին ավելի տանջել, խոսքս վերաբերվում է իշխանավորներին:

Գայանե Ստեփանյան. Ու մի բան պիտի հաստատ իմանալ. երկու տարին չբոլորած փախստականին չեն ասում՝ ոնց ուզում ես` ապրիր: Առնվազն մի 8-10 տարի պետք է վերականգնելու համար, հատկապես միջին տարիքի մարդկանց համար:

Անահիտ Ասրյան. Ինչքան էլ վաստակի մարդ կամ ընտանիք, միեւնույն է չեն կարողանալու հոգալ այդքան շատ կարիքները:

Տաթեւիկ Հակոբյան. Նորություն չէ, մարդիկ մարտ ամսվանից արդեն ակտիվորեն հեռանում են Հայաստանից:

Մելինե Նավասարդյան. Այսպես որ նայում եմ, Հայաստանից հեռանալու իմ ժամանակն էլ է մոտենում…

 

Մարութ Վանյան