Դժոխք էր հիշեցնում տարածքը, որտեղ բոլորս փնտրում էինք մեր հարազատներին

  • 22:02 10.02.2025

Ժենյա Արզումանյանն Արցախից տեղահանվելուց հետո Երևանում է բնակություն հաստատել։ Ամուսնուն՝ Սերգեյին, կորցրել է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունի ժամանակ։ Հանկարծակի պատուհասած ողբերգությունը միանգամից խորտակել է նրա բոլոր երազանքները, սակայն մեկուկես տարեկան դուստրը՝ Անգելինան, ստիպել է նորովի նայել կյանքին:

Սերգեյի ու Ժենյայի ամուսնական կյանքի մեկ տարին դեռևս չէր բոլորել

-Ամուսինս թեև մասնագիտությամբ իրավաբան էր, սակայն որպես ԱԹՍ օպերատոր ծառայում էր Ասկերանի զորամասում։ Միաժամանակ հայրենի Նորագյուղում զբաղվում էր մեղվաբուծությամբ։ Բավականին հասուն տարիքում էինք գտել իրար, և ինչպես ասում են՝ հասուն տարիքում սիրելն ու ամուսնանալը շատ կարևոր է լավ ընտանիք կազմելու համար։

Մենք շատ երջանիկ էինք։ Աստծո պարգևած մեր փոքրիկ հրաշքը՝ Անգելինան, ում անունը հենց Սերգեյն է տվել, իսկական հրեշտակ էր մեր կյանքում, մի լույսի շող, որ ստիպում էր ամեն առավոտ ժպտալով արթնանալ։ Հավանաբար ամուսինս ենթագիտակցորեն զգում էր, որ հետագայում մեր փոքրիկն է լինելու ինձ ուժ տվող հրեշտակը, հանուն որի ես պետք է պայքարեմ ու ապրեմ։

Անգելինան ծնվեց շրջափակված Արցախում։ Դժվար ու ծանր օրեր էին։ Չնայած այդ ամենին, միևնույն է՝ երջանիկ էինք։ Մեծ էր հավատը և հույսը, որ մի գեղեցիկ օր ամեն ինչ կփոխվի ու մենք կկարողանանք  երեխայի համար ստեղծել մեր երազած ապագան։

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, Սերգեյը ծառայության մեջ էր։ Ես գրկել էի 40 օրական մեր փոքրիկին ու սարսափած չգիտեի՝ ինչ անել, ոնց փրկել երեխայիս։ Ուժեղ հրետակոծություններից հասկացա, որ Արցախում կրկին պատերազմ է։ Սեպտեմբերի 25-ի պայթյունը սակայն գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ։

Ամուսինս շատերի նման գնացել էր վառելիք հայթայթելու և պայթյունի պահին դեպքի վայրում էր։ Մղձավանջ ու դժոխք էր հիշեցնում տարածքը, որտեղ բոլորս փնտրում էինք մեր հարազատներին։ Պայթյունին զոհ է դարձել նաև հորեղբորս տղան։ Այդ օրը մենք չգտանք Սերգեյին։ Երկու օր շարունակ փնտրում էինք նրան բոլոր հիվանդանոցներում։ Մահացածների ու վիրավորների ցուցակներն էինք ստուգում, սակայն Սերգեյի անունը չկար։

Նորածին երեխաս գրկիս՝ չգիտեի անելիքս, իսկ Արցախն այդ պահին տեղահանվում էր։ Մեր մնալը վտանգավոր էր։ Հարազատներիս հետ սեպտեմբերի 27-ին բռնեցինք գաղթի ճանապարհը։ Հոգուս խորքում հույս էի փայփայում, որ Հայաստանի հիվանդանոցներից մեկում կլինի Սերգեյը, սակայն հույսս չարդարացավ։ Որոշ ժամանակ անց ԴՆԹ նույնականացմամբ հաստատվեց նրա զոհվելը։ Ես կորցրի իմ ամենահարազատ մարդուն։

Եթե նախկինում ինձ նման բան պատմող լիներ, ես չէի հավատա, որ այս պատմության հերոսուհին կլինեի և կկարողանայի այսպիսի դժվարություններ կրել ու դիմանալ կյանքի հարվածներին։ Նման իրավիճակներ միայն ֆիլմերում էի տեսնում։ Մարդ մինչև չի հայտնվում որևէ իրավիճակի մեջ, չի կարող պատկերացնել ինչերի է ունակ, ինչքան է ուժեղ։

Երբ հայտնվեցինք Երևանում, շատ խնդիրների բախվեցինք։ Բնակարանների վարձակալության գները աստղաբաշխական թվերի են հասնում։ Թոշակառու ծնողներիս հետ տուն վարձակալեցինք և փորձեցինք հարմարվել նոր իրավիճակին։ Ամբողջ կյանքում գյուղական համայնքում ապրած ծնողներիս համար դժվար է մեծ քաղաքում ապրել, սակայն նրանց տարիքն ու առողջական խնդիրները չեն ներում, որ գյուղ տեղափոխվենք, որտեղ համեմատաբար ցածր են տների վարձավճարները։ Դեռևս չեմ կարող աշխատել, քանի որ փոքրիկս մեկուկես տարեկան է և առանց ինձ չի կարող մնալ։ Բայց վաղ թե ուշ պետք է մտածեմ աշխատանք գտնելու մասին, որպեսզի կարողանամ հոգալ դստերս կարիքները։ Ես գիտեմ՝ դժվարությունները դեռ առջևում են։ Մանավանդ, որ ըստ ՀՀ կառավարության որոշման ապրիլ ամսից փոփոխվում է 40+10 դրամ աջակցության ծրագիրը։ 4 հոգանոց մեր ընտանիքի ստացած այդ աջակցությունը այսօր չի բավականացնում անգամ բնակվարձի և կոմունալ ծախսերի համար։ Ապրիլից չգիտեմ՝ ինչ ենք անելու։

Դեռևս չենք դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Բայց իմ փոքրիկին տանիք է պետք, և քանի որ բնակապահովման ծրագրից օգտվելու համար քաղաքացիություն ընդունելը պարտադիր պայման է, վաղ թե ուշ ստիպված ենք ընդունել քաղաքացիություն։ Չնայած բնակարանային ծրագիրը թերի և անիրական եմ համարում, բայց ստիպված եմ օգտվել։ Իմ վրա մեծ պատասխանատվություն եմ կրում հոգալու ինչպես փոքրիկիս, այնպես էլ տարեց ծնողներիս կարիքները։

Ժենյան չի կարծում, որ կկարողանա ապրել առաջվա պես երազներում հայրենի Խնապատում է՝ դպրոցում, աշակերտների հետ

 -Իմ աշխատանքն եմ շատ կարոտում։ Երանի եմ տալիս այն ժամանակներին, երբ Արցախի Ասկերանի շրջանի  Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում ուսուցչուհի էի աշխատում։ Շուրջ 15 տարի դասվար էի՝ մանուկների գունագեղ ու զարմանահրաշ աշխարհում։ Չնայած ուսուցչի դժվարին աշխատանքին՝ ես ինձ երջանիկ ու բավարարված էի զգում։ Դպրոցում մեր ամեն մի օրն իմաստալից էր։ Մեր կոլեկտիվը շատ համերաշխ, սրտացավ, բանիմաց կոլեկտիվ էր և անում էր հնարավորը, որ առողջ ու վստահելի սերունդ մեծանա։

2024-ի նոյեմբերին Երևանում հուշցերեկույթ կազմակերպվեց, որը նվիրված էր 2023ի սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհերի հիշատակին։ Իր բալիկի հետ մասնակցեց նաև Ժենյան։ Սփոփանքի, իրար ցավ կիսելու հանդիպում էր դա։ Ժենյան հասկացավ, որ մենակ չէ։ Իր բախտակից 216 ընտանիք նույն ցավն ունի, իսկ 22 ընտանիք դեռ սպասում է։

Սեպտեմբերի 25-ից մոտ մեկուկես տարի է անցել ու չնայած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին, դեռևս ոչինչ չի պարզվել և ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել։  

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ