ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնում Գազայի հատվածը Միացյալ Նահանգների ձեռքբերման գաղափարին։ Եթե դա տեղի ունենա, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է թույլ տալ մերձավորարևելյան երկրներին իրականացնել վերականգնողական աշխատանքներ այն տարածքներում, որտեղ ավերածություններ են գրանցվել Իսրայելի և պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի արդյունքում։ Երկուշաբթի՝ փետրվարի 10-ին Թրամփի խոսքերը մեջբերել է Fox News-ը։
«Ես մտադիր եմ գնել (Գազայի հատվածը.-Խմբ.) և տիրապետել այն», – ասել է Թրամփը: «Ինչ վերաբերում է դրա վերականգնմանը, ապա մենք կարող ենք այն տալ Մերձավոր Արևելքի այլ պետությունների, որպեսզի նրանք կարողանան կառուցապատել տարածքի մի մասը. այլ մարդիկ կկարողանան դա անել մեր հովանու ներքո: Բայց մենք մտադիր ենք տիրել այն, գրավել այն և համոզվել, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող վերադառնալ»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Միաժամանակ նա կարծում է, որ այնտեղ ապրող պաղեստինցիները չեն կարողանա վերադառնալ իրենց տները։ «Վերադառնալու տեղ չկա։ Այս վայրը ենթակա է քանդման։ Մնացածը կքանդվի։ Ամեն ինչ կքանդվի», – ասել է ամերիկյան պետության ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Reuters-ը, Գազայի հատվածում պաղեստինցիները ցանկանում են վերականգնել ավերված տարածքները Միջերկրական ծովի ափին և մերժել Թրամփի՝ ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագրերը։
«Գազայի բնակիչների համար տեղ փնտրելու փոխարեն, որոնց նա չի կարող վտարել իրենց հողից, Նեթանյահուն պետք է միջոցներ փնտրի Գազային իր հասցրած 100 միլիարդ դոլարի վնասը ծածկելու համար»,- իր հերթին ասել է Էրդողանը։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրով «մինչև հետագա ծանուցում»՝ մեղադրելով նրան գործարքը չկատարելու մեջ: Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 10-ին, հայտնել են AFP եւ AP գործակալությունները։
Հայտնի չէ՝ արդյոք դա կապված է Թրամփի հայտարարությունների հետ։
Պատանդների հաջորդ ազատ արձակումը նախատեսված էր փետրվարի 15-ին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ՀԱՄԱՍ-ի գործողություններն անվանել է գոյություն ունեցող պայմանավորվածությունների «լիակատար խախտում»:
«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին (զինվորականներին) ամենաբարձր մակարդակով պատրաստվել Գազայում հնարավոր ցանկացած սցենարի», – մեջբերում է Կացին AFP-ն: