Ի պատասխան արցախցի լրագրողի այն հարցին, թե երբ կկարողանան վերադառնալ Արցախ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա կլինի, երբ խաղաղ պայմանագիր կնքվի և ապահով պայմաններ ստեղծվեն։
Միաժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Արցախի ժողովուրդը պետք է պայքարեր, հենց այն զենքով, որը «թողեց» Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ դիվանագիտական աջակցությամբ։
Նա ասաց, որ պետք չէր Արցախում իշխանություն փոխել եւ անհապաղ լուծարման մասին հրամանագիր ստորագրել։
Ալեն Սիմոնյանը, Արագած Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ մյուս անդամները անընդհատ ասում են, որ եթե Արցախում իշխանությունը չփոխվեր և եթե Բաքվի հետ «համաձայնության գային», արցախցիներն այժմ Հայաստանում չէին լինի։
Արագած Միրզոյանն, օրինակ, ասում է, որ արցախցիները հույս չունենան, և ավելի լավ է «ինտեգրվեն» Հայաստանին, քանի որ չեն ցանկացել «ինտեգրվել» Ադրբեջանին։
Միրզոյանի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն օգտագործել են բոլոր առկա իրատեսական մեխանիզմները, որպեսզի հայերը շարունակեն ապրել Լեռնային Ղարաբաղում՝ պահպանելով իրենց իրավունքները։ Սակայն, ինչպես նշել է Միրզոյանը, այդ ջանքերը «պատշաճ աջակցություն չեն ստացել» Լեռնային Ղարաբաղի թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների կողմից, ինչը, ի վերջո, վատթարացրել է իրավիճակը։
Միրզոյանը հիշեցրել է, որ 2021-2022 թվականներին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հնարավորությունը, այդ թվում՝ հանդիպումներ չեզոք տարածքում, օրինակ՝ Բուլղարիայում։ Սակայն, նրա խոսքով, այդ հեռանկարները խաթարվել են «կոնկրետ շրջանակների ջանքերով»։
Հայաստանը կոնկրետ ի՞նչ է առաջարկել արցախցիներին քննարկել Ադրբեջանի հետ։ Ինչպիսի՞ «ինտեգրման» մասին է խոսքը։
Իհարկե, բոլորի համար ավելի հեշտ կլիներ, եթե արցախցիներից ոմանք մնային Արցախում, վերցնեին ադրբեջանական անձնագիր ու իրենց որդիներին ուղարկեին ադրբեջանական բանակ։ Նրանք, ովքեր ցանկանում էին, կարող էին հեռանալ, բայց այլեւս փախստական չէին լինի, և Երևանը ստիպված չէր լինի փող ու ջանք ծախսել նրանց վրա։ Արցախի հարցը «լուծված» կլիներ, և ամեն ինչ հիանալի կլիներ։
Բայց այս տարբերակը չստացվեց՝ արցախցիները հեռացան իրենց հազարամյա հայրենիքից, և ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը փոխվեց, այլ այն պատճառով, որ Արցախում ոչ մի մարդ չէր պատկերացնում «ինտեգրումը» սեփական ընտանիքի մակարդակով։ Բաքվի ներկայիս դատավարությունները ցույց են տալիս, թե ինչ կլիներ արցախցի տղամարդկանց հետ և ինչպիսին կլիներ կյանքը Արցախում։
Պաշտոնական Երևանը ոչ մի անգամ չի հայտարարել Հայաստանի անկախության հռչակագրի և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման իրականացման նպատակահարմարության մասին։
Փոխարենը Ալեն Սիմոնյանը և մյուսները մեկը մյուսի հետևից քիքսեր են թույլ տալիս՝ հայտարարելով, որ «Արցախում մնացել է Հայաստանի Հանրապետության զենքերը» և որ իրենք փորձել են դիվանագիտական աջակցություն ցուցաբերել «Արցախի ժողովրդի Ադրբեջանին ինտեգրելուն»։ Սա նման է խոստովանության, որը հետագայում պետք է կրկնվի դատարանում: