Սիմոնյան. «խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում էլ կհարձակվեն

  • 13:49 11.02.2025

«Ռազմական էսկալյացիայի գնահատական չեմ ուզում տալ։ Միշտ իրենք կարող են իրենց այս գործելաոճով հայտարարել, որ մենք ինչ-որ բան ենք անում կամ չենք ուզում խաղաղության պայմանագիր։ Մի քանի հատ մեքենա ենք գնել, իրենք միլիարդններով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրի հետ պատերազմելու բավարար, եւ մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց, որ միշտ բարձր է գնահատում էսկալյացիայի վտանգը։ Ըստ Սիմոնյանի՝ թուլանալու իրավունք չունենք։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արված առաջարկը բավականին լավն է, ավելի վաղ կարելի էր «խաղաղության պայմանագիր» կնքել։

Սիմոնյանն ասաց՝ չի բացառվում, որ «խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում էլ կհարձակվեն։ «Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք եւ չպետք է այդ ուղղությամբ քայլեր անենք»,- նշեց նա։

Հարցին, թե ո՞ւմ է պետք այդ փաստաթուղթը, եթե անգամ դա ստորագրելու դեպքում Ադրբեջանը կարող է հարձակվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ դա չի բացառվում։ Մենք ստորագրում ենք՝ արձանագրելու այն բոլոր հարցերը, որոնց հետ կապված հնարավոր է ինչ-որ բաներ լինեն։ Վերջիվերջո Ադրբեջանն առաջարկեց, հնչեցրեց խաղաղության փաստաթուղթ ստորագրել միջազգայնորեն ճանաչված 5 սկզբունքների հիման վրա։ Ես էլ ասացի՝ այո, մենք համաձայն ենք։ Հիմա մենք ունենք 15, այսինքն՝ երեք անգամ ավելի պայման։ Անընդհատ Ադրբեջանը նոր բան է առաջարկում, եւ մենք քննարկման միջոցով այդ առաջարկի երկկողմ ընդունելի տարբերակն ենք փորձում գտնել։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս հնարավորությունը չպետք է բաց չթողնի»։