«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահներն այնտեղ էին եւ պետք է պաշտպանեին հայ ժողովրդին։ Եվ տեսեք՝ որտեղ են հիմա ռուս խաղաղապահները, եւ որտեղ է հայ ժողովուրդը, որը բնակվում էր Ղարաբաղում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։
«Նախ Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն էր, որը երաշխավոր պետք է հանդիսանար, եւ որի զորքերն այնտեղ պետք է գտնվեին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց ՌԴ նախագահը հայտարարեց, որ դա Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է։ Ներողություն եմ խնդրում, բայց Հայաստանի Հանրապետությանը նման բանի մեջ մեղադրելը խուսափողական գործելաոճ է։ Ամբողջ աշխարհը եւ իրենք էլ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, ու ոնց իրենք մեզ մենակ թողեցին»-, ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուս պաշտոնյաների հայտարարություններին։