«Պարզվում է՝ մենք բոլորս իսկապես սխալ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին՝ Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել։ Ես հարց ունեմ՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց, թե՞ մնաց զոհվեց ու պայքարեց, որ հիմա անդրաշխարհից ուղերձներ է հղում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ պետք է բարձրաձայնել՝ ով է կռվել Արցախի համար, ով չի կռվել։ Նա հիշեցրեց, որ իշխանություններն առանց մի կրակոցի հանձնել են Գորիս-Կապան ճանապարհը, հրաժարվել են Արցախի կարգավիճակի հարցից, ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում։ Արցախի ամբողջական շրջափակման ժամանակ ոչ մի օգնութուն չեն ցուցաբերել, շարունակել են համագործակցությունը Արցախը պաշարած Ադրբեջանի հետ՝ բաց պահելով Բաքու-Նախիջեւան թռիչների համար օդային տարածքը։
Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանի հարձակումից հետո հերոսական պայքար են մղել արցախցիները, մի քանի ժամում Ադրբեջանին պատճառել են 200-ից ավելի զոհ, 500-ից ավելի վիրավոր։ «Այդ զոհերի թիվը 5 անգամ ավելի շատ է, քան 44-օրյա պատերազմում միջինում զոհված ադրբեջանցիների թիվը։ Այ տենց են կռվել, ու հիմա այս մարդիկ գալիս են ու արցախցիներին, որ ամեն տունն ունի զոհ ու զինվոր, ասում են՝ չեք կռվել, մնայիք կռվեիք։ Ասում են՝ հեղաշրջման փորձ չպետք է արվեր, էդ ո՞րն է, Ալեն Սիմոնյան, հեղաշրջումը, էն, որ դուք շնորհավորե՞լ եք, Դավիթ Իշխանանին հեղաշրջման փորձի համա՞ր էիք շնորհավարում։ Եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը փախել է, Բաքվում գտնվելու համար են փախե՞լ։ Որ չեն կռվել այդ մարդիկ, ո՞ւմ էին հուղարկավորում այդ վերջին օրը, որ հետո չգիտեին՝ ոնց վերցնեին տանեին։ Մարդ կա, իր երեխուն փաթաթել է տոպրակի մեջ, բերել է, այդ երեխեն որտե՞ղ է զոհվել։ Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ ու կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, է՞տ եք միայն կարողանում անել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։