Մինչ Երևանից սպասում են ապաշրջափակման առաջարկների շուրջ Բաքվի արձագանքին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ «դրանք գործնական նշանակություն չունեն և հանգեցնում են թյուրիմացությունների»: Առաջարկները երեք ամիս առաջ էին ուղարկվել Բաքու, բայց մինչ օրս դրանց գրավոր չեն պատասխանել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շեշտում է՝ պատրաստ են Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրել՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ։ Բայց Բաքուն, անկախ ամեն ինչից, ստացած ճանապարհը միջանցք կկոչի, ասել է Սիմոնյանը:
Ինչո՞ւ պետք է Բաքուն միջանցք կոչի, եթե դա միջանցք չէ։ Դատելով Սիմոնյանի, իսկ ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերից, Երեւանը գրեթե համաձայնվել է միջանցքին։ Բայց Բաքուն նույնիսկ դա է “անհթեթ” համարում, պահանջելով Հայաստանի և Իրանի կապը կտրող ճանապարհ՝ ռուսների վերահսկողության տակ։
«Միգուցե հնարավոր է տարբերակ, հաշվի առնելով, որ իրենք իրենց երկրի մի մասից մյուսն են գնում, այլ տարբերակով աշխատենք, օրինակ, տեղում չվճարի կառավարությանը, հետագայում այդ գումարը հաշվարկվի փոխանցվի: Կամ, ենթադրենք, եթե Պարսկաստանից դեպի Վրաստան գնացող բեռի համար պայմանական էդ կազմակերպության վրա նստում է 1000 դրամ, էս պարագայում, հաշվի առնելով, որ մի երկրից նույն երկիր է գնում, լինի 500 դրամ: Սրանք մանրուքներ են, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և քննարկել», – հայտարարեց Սիմոնյանը:
Նա խոսում է միայն մաքսատուրքի մասին, բայց չի խոսում անվտանգության, մաքսային եւ սահմանային ստուգումների մասին։ Ո՞վ է դա իրականացնելու։ Արդիակա՞ն է արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուսական վերահսկողությունը։
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ միջանցքի մասին խոսակցությունը նպատակ ուներ այն դնել ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նա վստահեցրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասին չէ՝ ընդգծելով, որ փաստաթղթում մասնավորապես նշվում է Լաչինի միջանցքը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի հրամանագիրը, որով կոչ է արվում Հայաստանին իրականացնել այդ վերահսկողությունը։ Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերահսկողությունը կարող է իրականացվել տեսախցիկների միջոցով, պարտադիր չէ զինվորականների (ռուս- խմբ.) ներկայությունը:
Նա չի ասել, թե ո՞վ է դիտելու տեսախցիկների նկարված նյութերը՝ ռո՞ւս, թե՞ հայ սահմանապահներն ու մաքսավորները։ Արդյո՞ք կլինի անձնագրային վերահսկողություն։
Սակայն ամենագլխավոր հարցը՝ ի՞նչ կլինի Հայաստան-Իրան սահմանի և տեղաշարժի հետ։ Եթե Բաքուն պահանջում է լիիրավ ճանապարհ, ինչը կփակի Իրան-Հայաստան սահմանը։ Եթե Բաքվին միայն անխոչընդոտ տեղաշարժի իրավունքը տրամադրվեր, ապա Իրանի հետ սահմանը կարելի է պահպանել։
Սակայն Բաքվին և Ռուսաստանին հետաքրքրում է միայն առաջին տարբերակը՝ կտրել Հայաստանը Իրանից եւ Իրանը՝ հյուսիսի հետ միակ կապից։