Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
Նա ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակումից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Արցախի ԱԺ նախագահ, ներկայում Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանին։ «Պատգամավորներով Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի հետ գտնվում էինք Ասկերանում, Ալեն Սիմոնյանը զանգեց Դավիթ Իշխանյանին: Երբ վերադառնում էինք Ստեփանակերտ, արդեն լսվել էին առաջին կրակոցները, այդ կրակոցներից 20 րոպե առաջ էր Ալեն Սիմոնյանը զանգել Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանն այն ժամանակ ասաց՝ հիմա եմ հասկանում, թե ինչու էր Ալեն Սիմոնյանը զանգել։
Ալեն Սիմոնյանը երեք անգամ հարց էր տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է, Դավիթ Իշխանյանը պատասխանել էր՝ այո: Նորից էր հարցրել՝ իրո՞ք ամեն ինչ կարգին է, երեք անգամ նույն հարցը կրկնելուց եւ դրան հաջորդած առաջին կրակոցները լսելուց հետո բոլորս հասկացանք, որ Ադրբեջանը պետք է հարձակվի: Այդ մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց գործողությունների եւ հանցավոր անգործության մասին»,- ասել է Դավիթ Գալստյանը։
Նա հավելել է․ «Մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանձնված է Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի կողմից, որի մեջ մտնում է նաեւ այդ անձնավորությունը՝ Ալեն Սիմոնյանը: Եվ ստորագրությամբ են հանձնել, եւ պայմանավորված պատերազմ սկսել, մեղավորը իրենք են, որ Եռաբլուրն այսքան մեծացել է, շուրջ 5000 զոհ ունենք, որի անմիջական պատասխանատուն եւ մեղավորը հենց այդ նույն մարդիկ են: Եվ այսօր նրանք արդարանալու խնդիր ունեն»։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: