Հացը

  • 21:16 12.02.2025

Շրջափակված Արցախում վերջին ամիսներին իրավիճակն ավելի էր սրվում, իսկ ցամաք հաց ձեռք բերելն օրախնդիր էր դարձել։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հացն Արցախում ստանում էին ոչ միայն ցորենի ալյուրից, այլև խառը՝ եգիպտացորենի և հացահատիկային այլ տեսակներից։ Վառելիքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից էր հնարավոր հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով։ Արցախում ոչ բոլորն էին կուշտ փորով քնում:

Ասկերան քաղաքում երկու փռում էին հաց թխում՝ Ալվարդի ու Մհերի։ Փռերի առջև մարդկանց անվերջանալի հերթեր էին։ Վաղ առավոտյան սկսվում էր ցուցակագրումը։ Ինչ որ մեկն անպայման իր վրա էր վերցնում այդ գործընթացը, իսկ հետո գալիս կանգնում փռի դռների դիմաց, որ կարգ ու կանոն պահպանի։ Արդարության սկզբունքով մարդիկ ստանում էին իրենց հասանելիք հացը։ Երբեմն էլ լեզվակռիվ էր սկսվում․ անգամ հացթուխներն էին խառնվում, սակայն հերթը խախտողները նորից հայտնվում էին իրենց տեղերում ու մոռանում, որ րոպե առաջ վիճում էին իրար հետ։ Հացի հերթերում խոսում էին ամեն ինչից, իրար ուժ ու հավատ ներշնչում, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ է սպասվում իրենց։ Մարդկանց ամենամեծ ցանկությունը կյանքի ճանապարհի բացումն ու Արցախում հանգիստ ապրելն էր։

Հացը հիմնականում գիշերներն էին թխում։ Ծնողների հետ եկած երեխաները խաղում էին Ասկերանի քաղաքային պուրակում և երազում, որ երկարի հաց ձեռք բերելու գործընթացը․ ախր այդ պուրակը շատ էին սիրում։

Հանկարծ հայտարարում են՝ հացը վերջացավ, ու սկսվում են մարդկանց տրտնջոցները, սակայն ինչ պետք է անեն․ առանց հացի վերադառնում են տուն՝ չմոռանալով ցուցակագրողին հորդորել վաղը ներկայանալ նույն ցուցակով։ Դե, բայց վաղը նոր օր էր բացվում, նախկին ցուցակն արդեն ուժ չուներ, ու սկսվում էին հաց հայթայթելու մարդկանց ջանքերը։

Արցախում հացերն արդեն բոլորովին ուրիշ տեսք ու համ ունեին, սակայն մինչև հիմա մենք շարունակում են զգալ այդ անհասկանալի տեսքով ու համով հացի բույրը։

Ասկերանում վերջին անգամ հաց է թխվել սեպտեմբերի 17-ին, իսկ ալյուրը, որ վարչակազմի միջոցով փռերի աշխատողներին տրվել էր սեպտեմբերի 19-ի նախօրեին, այդպես էլ մնաց չթխված։

Ալվարդ Ասլանյանի և Մհեր Աղաջանյանի հացի արտադրամասերը հաց են թխել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ․ ամեն օր՝ առանց դադարի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ