Շահրամանյանը հրամանագրով երկարաձգել է Արցախի ԱԺ լիազորությունները

  • 10:29 13.02.2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ ԱՀ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թ․ մայիսին։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր, ինչը, ի դեպ, Ալիեւի պահանջն է։

ՀՀ իշխանությունն էլ է կողմ դրան՝ համարելով, որ ԱՀ պետական ինստիտուտները սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ ԱՀ խորհրդարանն ակտիվ աշխատելու է, բայց իրավական հիմքերը պահելով՝ քաղաքական խնդիր են լուծում, որ Արցախի հարցը չփակվի, եւ աշխարհաքաղաքական նպաստավոր զարգացումների դեպքում կարող են իրենց մանդատները գործի դնել», գրում է թերթը:

Հիշեցնենք, որ արցախյան մի շարք հասարակական գործիչներ նոր ընտրությունների տարբերակներ են առաջարկել, այդ թվում՝ էլեկտրոնային։ Առաջարկվում է փոխել ներկայիս խորհրդարանի կազմը, որը անգործունյա է։ Առաջարկվում է խորհրդարանում ընտրել այն մարդկանց, որոնք իրոք ի վիճկի են ներկայացնել Արցախի եւ արցախցիների իրավունքները եւ շահերը։  Ներկայիս խորհրդարանը չի օգտվում բարձրագույն իր մանդատից։
f