Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հայտարարությունները, որոնք հանգնում են նրան, որ ԱՄՆ-ը այլեւս չի պաշտպանի Եվրոպան, իսկական ցնցում է առաջացրել եվրոպական երկրներում։
Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին շտապ մտածել պաշտպանական և տնտեսական խնդիրների մասին, գրում է Financial Times-ը։
Մակրոնը վաղուց էր կոչ անում ԵՄ առաջնորդներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ԵՄ անվտանգության, ինչպես նաև Ռուսաստանից և Չինաստանից տնտեսական անկախության ապահովման համար։ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը պետք է նոր խթան հանդիսանա ԵՄ-ի համար՝ սկսելու ավելի շատ ներդրումներ կատարել սեփական անվտանգության համար, ասել է նա։
«Սա էլեկտրաշոկ է։ Ասիմետրիկ ցնցումներ են պետք, արտաքին ցնցումներ են պետք։ Սա էկզոգեն ցնցում է եվրոպացիների համար», – ասել է Մակրոնը՝ խոսելով Թրամփի շուրջ ստեղծված իրավիճակի և Ուկրաինայի ու ԵՄ-ի վերաբերյալ նրա որոշումների մասին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին Բունդեսթագին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել՝ հաշվի առնելով Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
«Այսօր մենք պետք է առերեսվենք այն իրականության հետ, թե ինչ են նշանակում ԱՄՆ կառավարության գործողություններն ու հայտարարությունները Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա։ Քաղաքական գործչի կարծիքով՝ անգործությունը կնշանակի վտանգել Գերմանիայի և ամբողջ մայրցամաքի անվտանգությունը։ Նա խոստացավ թույլ չտալ, որ դա տեղի ունենա։
Փորձագետներն արդեն քննարկում են, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները, ինչպես նաև Չինաստանի հավանական միանալը դրան, նման են հերթական «Յալթայի»՝ աշխարհը գլոբալ ազդեցության գոտիների բաժանման նախապատրաստություններին, որտեղ Եվրոպան և եվրոպական երկրները ոչ թե սուբյեկտ են, այլ բաժանման առարկա։
Այս կապակցությամբ նշվում է, որ Եվրոպայի պաշտպանությանը մասնակցելուց ԱՄՆ-ի հրաժարումը և ՆԱՏՕ-ի սկզբունքները վերանայելու մտադրությունը Պուտինի կողմից կարող են ընկալվել որպես «գործելու հրաման»։ Փորձագետները նախազգուշացնում են ռուսական հնարավոր հարձակման և եվրոպական երկրների բռնակցման մասին։