Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացրած հայցերի հետ կանչելը կապում եմ կոռուպցիայի հետ․ Անդրիաս Ղուկասյան

  • 19:32 14.02.2025

«Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը վիճելի տարածք է։ Եվ Ադրբեջանը չի կարող հայց ներկայացնել Հայաստանի դեմ: Այսինքն՝ ներկայացնել կարող է, բայց հավանականությունը, որ այդ հայցը կընդունվի, շատ ցածր է»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք,որ փետրվարի 13-ին Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ սա քարոզչական քայլ է Ադրբեջանի կողմից։ «Ես չեմ կարծում, որ ադրբեջանական կողմի իրավաբանները կարող են լուրջ հույսեր ստեղծել իրենց հաճախորդների մոտ, այնտեղ լուրջ հիմքեր չկան։ Եթե իրենց հաջողվի ինչ-որ կերպ այնպես անել, որ այդ հայցն ընդունվի, դա արդեն կարող է դիտվել որպես մեծ հաղթանակ։ Ես կարծում եմ, որ այս հարցում սպառիչ էր մի շարք հայ իրավաբանների կարծիքը, որ Ադրբեջանն իրականում լուրջ դիրքեր չունի դատարանում՝ ոչ Հաագայի դատարանում, որտեղ հիմա ընթանում է քննարկում ռասսայական խտրականության հետ կպաված, ոչ էլ այլ ատյաններում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե պատրաստ են հետ կանչել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացրած հայցերը, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Նման բաները ես կապում եմ բացարձակապես կոռուպցիայի հետ։ Այն, որ Ադրբեջանի իշխանությունները աջ ու ձախ կաշառք են բաժանում, դա բոլորը գիտեն, դրա վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր կան եվրոպական պետություններում։ Կոռուցպիան վտանգ է, որովհետեւ Հայաստանի այսօրվա իշխանութունները թափանցիկ չեն, հաշվետու չեն։ Եվ տեսականորեն մեր պետությունն այս պահի դրությամբ պաշտպանված չէ, եթե Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները կարող են փող վերցնել եւ ինչ-որ որոշումներ կայացնել։ Եթե չեմ սխալվում, հիմա Գերմանիկայում մեկնարկել են դատական լսումներ մի քանի պատգամավորների դեմ, ովքեր Ադրբեջանից կաշառքն են ստանում։ Հայաստանում հաստատ կարող է նման բան լինել, բացառել չի լինի։ Այդ հարցում տրամաբանությունն ու քաղաքական անհրաժեշտությունը ես բացառում եմ, միայն կոռուպցիոն շարժառիթ կարող է լինել նման քայլերի համար»։

Ռոզա Հովհաննիսյան