Չորս անչափահաս երեխաներով՝ պատերազմից պատերազմ

  • 19:58 14.02.2025

Forrights

«Պայթյուններն ահավոր ուժգին էին… անմիջապես գրկեցի լացող զույգերիս, իսկ սայլակով որդիս վախից վատացել, բայց աղոթում էր». 4 անչափահաս երեխայի մայր

Արցախից տեղահանված 4 անչափահաս երեխայի մայր Նարինե Ասրյանը ծննդով Ստեփանակերտից է։ Ամուսնանալուց 10 տարի անց՝ 2013թ., ամուսնու հետ Հայկավան թաղամասում հիպոթեքով տուն են կառուցել, որ ապրեն երջանիկ ընտանեկան կյանքով։ Դժվարություններ շատ են ունեցել, նրանց առաջնեկը ծնվել է ամուսնության 7-րդ տարում։ Վեց ամսականում որդուն ախտորոշել են հոդային հազվագյուտ ռևմատոիդ արթրիտ և երևանյան հիվանդություն։ Հաշմանդամ  երեխայի առողջական խնդիրների բարելավման համար արդեն 15 տարի նրան պարբերաբար տանում են Ռուսաստանի, Իսրայելի, Գերմանիայի բուժհաստատություններ։ Առաջնեկ որդին 10 տարեկան էր, երբ ծնվեց նրանց 2-րդ տղան։

«2020թ. ավագ որդուս առողջական վիճակը վատթարացել էր և բարի մարդկանց դրամահավաքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին բուժման նպատակով մեկնել ենք Գերմանիա։ Մորս խնամքին էի թողել 1,5 տարեկան տղայիս։ Երեք շաբաթյա բուժումից հետո՝ սեպտեմբերի 27-ին, հետվերադարձի տոմսով պետք է վերադառնայինք։ Այդ ընթացքում շատ անհանգիստ էի, երազներ էի տեսնում, իբր պատերազմ է մեր քաղաքում, զանգում էի մերոնց, իսկ նրանք հանգստացնում էին, որ ամեն ինչ կարգին է։ Ու 27-ին, որ պիտի մեկնեինք օդանավակայան, ամուսինս զանգեց, թե՝ չեմ կարողանալու ձեզ դիմավորել… պատերազմ է սկսվել։ Ես էլ դեռ լուրերը չէի նայել, ժամային գոտու տարբերություն կար ու ամուսինս զգուշացրեց, որ ինքը մեկնում է պատերազմի և մեզ կդիմավորի իր ընկերը։ Ճիշտն ասած ջղայնացել էի, որովհետև հիվանդ երեխայիս հետ մենակ էի, իսկ Ստեփանակերտում էլ 1,5 տարեկան փոքր տղաս էր մորս հետ մենակ՝ ծայրամասային թաղամասում։ Գոնե մորս ու երեխային ուղարկեր Երևան, հետո գնար դիրքեր։ Մայրս վախից ու անորոշությունից չգիտեր ինչ անի։ Օդանավակայանից մինչև Երևան հասնելն անընդատ հեռախոսով փորձում էի տեղեկանալ հարազատներիս մասին։ Անասելի ծանր ապրումների մեջ էի, պատերազմ էր, ամբողջ միտքս փոքրիկս էր, որն ինձ մոտ չէր։ Լուրերն էլ կարդալով խելագարվում էի»,- վրդովված ներկայացրեց 4 անչափահաս երեխայի մայրը։

Նարինեի մայրը՝ տիկին Նաիրան, փոքրահասակ թոռան հետ հայտնվել էր պատերազմական թոհուբոհի մեջ։ Նա ստիպված իրենց թաղամասից տեղափոխվեց բարեկամի տուն։ Աղջիկը գիշերը Երևան հասնելուն պես մի կերպ պայմանավորվեց անծանոթ վարորդի հետ, որ փոքր տղային ու մորը Ստեփանակերտից հասցնի Երևան։ Նարինեի ջանքերով տատն ու թոռը Ստեփանակերտից հասել են Երևան, որտեղ երկու ամիս մնալուց հետո միասին վերադարձել են Արցախ։

Նարինեի խոսքով՝ սկզբից նրանք վախվորած էին, բայց միևնույն ժամանակ ուրախ, որ իրենց բնօրրանում են։ Վայրկյան անգամ չպատկերացնելով, որ 3 տարի հետո կրկին պատերազմ կսկսվի, նրանք լծվել են իրենց տան 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքներին։ 2022թ. նոյեմբերի 30-ին ծնվեցին Նարինեի զույգ աղջիկները, իսկ 12 օր հետո Արցախը շրջափակվեց։

Չորս երեխայի մայրը հայտնվել էր դժվարին վիճակում։ Նորածին աղջիկներից մեկն էր միայն կրծքով կերակրվում ու անհրաժեշտ էր հայթայթել արհեստական կաթնախառնուրդներ։ Տասն ամիսների ընթացքում Նարինեն ջանում էր ձեռք բերել երեխաների համար անհրաժեշտ պարագաները և արհեստական կաթնախառնուրդները։ Ավագ որդին էլ ամեն ամիս կեսական նշանակության դեղորայքի կարիք ուներ և տարբեր բարեգործական կազմակերպություններ աջակցեցին այդ հարցում։

«2023թ. մեկօրյա պատերազմի օրը 5 տարեկան որդիս մանկապարտեզում էր։ Ես էլ տնից դուրս էի եկել, որ մի տղայի հետ ունեցած սուրճս փոխանակեի կաղամբով։ Նա էլ տեղեկանալով, որ փոքր երեխաներ ունեմ, մի խտացրած կաթ էլ տվեց և ես ուրախությամբ ոտքով բարձրանում էի տուն։ Մեր տունն էլ Ստեփանակերտի «Կոբրա» բարձունքի մոտ էր, որտեղ էլ նկատեցի աշխարհազորայինների իրարանցումը։ Քայլերս արագացրի և ամուսնուս զանգեցի, որ իջնի օգնելու։ Մտանք տուն, ձուն կոտրեցի, որ երեխաների համար նրբաբլիթ պատրաստեմ, հանկարծ սկսվեց արկակոծությունը։ Պայթյուններն ահավոր ուժգին էին, շուրջը դղրդում էր… անմիջապես գրկեցի լացող զույգերիս, ավագ որդիս էլ վախից վատացել էր, բայց աղոթում էր, նրան Վալերիանայի հաբեր տվեցինք։ Փոքր տղաս կրկին մեզ հետ չէր, կապվեցինք մանկապարտեզի դաստիարակի հետ և տեղեկացանք, որ նա բոլորի հետ նկուղում է։ Ամուսինս վազեց երեխայի հետևից և խուճապի, անորոշության, անելանելիության այդ ընթացքում քրոջս տղան եղած վառելիքով եկավ մեր հետևից, որովհետև ռազմական գործողությունները սաստկանում էին ու մենք իջանք իրենց նկուղ»,-հուզված ներկայացրեց զրուցակիցս։

Միայն 4 օր հետո՝ սեպտեմբերի 24-ին են նրանք վերադարձել իրենց տուն և շտապ պատրաստվել տեղահանմանը։ Հարևաններն արդեն տեղահանվել էին, որովհետև թաղամասում մնալը վտանգավոր էր։ Զույգ աղջիկները դեռ չէին քայլում, ավագ որդին սայլակով էր շարժվում և Նարինեն մի կերպ հավաքեց երեխաների անհրաժեշտ շորերն ու իրերը, որ առավոտյան ճանապարհվեն։ Տեղահանության եռօրյա ճամփան նրանց համար առավել դժվար էր։

«Տասն ամսական աղջիկներիս կաթնախառնուրդի եռացրած ջուրը վերջացել էր, իսկ դրսում հորդ անձրև էր հոսում։ Մեծերն էլի կդիմանան սովին, մի բան կուտեն, բայց կաթնակեր զույգերին կերակրելը խնդիր էր։ Սովից անդադար լացում էին։ Գիշերն անձրևի տակ մի կերպ կարողացել ենք տարա գտնել և ջուր եռացնել, որ փոքրերի կաթնախառնուրդը պատրաստենք ու նրանց հանգստացնենք։ Բազում նեղություններով ամսի 28-ին, փառք Աստծո, հասել ենք Հայաստան և 7 հոգանոց ընտանիքի համար շուրջ մեկ ամիս Երևանում վարձով բնակարան փնտրել»,-նշեց բազմաերեխատար մայրը։

Այժմ Նարինեն զբաղված է երեխաների խնամքով, իսկ ամուսինը մշտական աշխատանք չունի։ Արցախում նրա հաշմանդամ և մյուս երեխաներին տրվող նպաստը կազմում էր 250 հազ. դրամ, իսկ Հայաստանում երեխաների նպաստը չեն տրամադրել ու միայն 39 հազ. դրամ հատկացրել են հաշմանդամ տղային։ Երեխաների նպաստը ստանալու համար կինը դիմել և վերջերս ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Հաշմանդամ երեխայի թանկարժեք դեղորայքը ձեռք բերելու համար նա պարբերաբար դիմում է տարբեր ֆոնդերի։ Փոքր որդին ունի խոսքի զարգացման հապաղում ու մայրն անընդհատ վազքի մեջ է՝ լոգոպեդի ու հոգեբանի մոտ է տանում, իսկ զույգերին մանկապարտեզ տանելու համար հերթագրված են։ Ավագ որդին Ստեփանակերտում տնային ուսուցման էր, իսկ այստեղ սայլակով երեխային պետք է շաբաթական 2 անգամ դպրոց տանել։ Ծնողները չեն հասցնում։ Խնդիրները շատ են, երեխաներն անչափահաս են ու պետք է հոգալ նրանց առողջական, կրթական և կենսական նշանակության մյուս հարցերը։ Երեխաները կարոտում են իրենց տանը, ծննդավայրին ու ընտանիքով երազում հետվերադարձի մասին։

Զառա Մայիլյան