Ռուսաստանն ու Իրանը նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է աջակցում Հայաստանին իր դիրքորոշման մեջ ընդդեմ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նա ասաց. «Համեմատե՛ք այլ երկրների դիրքորոշումները մերի հետ։ Եթե նրանց [դիրքորոշումը] չի համընկնում մեր դիրքորոշման հետ, ապա այո, մենք ունենք հակասություններ։ Մեզ համար առաջնային դեր են խաղում մեր ազգային շահերը, որոնց համար ոչ մի զիջում կամ գործարք չի կարող գնալ»։
Իրանի դեսպանի հայտարարությունը միանշանակ էր․ Իրանը դեմ է միջանցքային տրամաբանությանը, հայ-իրանական սահմանի փակմանը և «Զանգեզուրի միջանցք» կոչվող ճանապարհին ռուս սահմանապահների առկայությանը։
Զախարովան չհերքեց Մոսկվայի ուղիղ հակառակ դիրքորոշումը և չասաց, որ Ռուսաստանը կողմ է հայ-իրանական սահմանը ներկայիս տեսքով պահպանելուն։