Կառավարությունը «փետրվարից մայիս» ստիպելու է հայերին հավատալ «իրական Հայաստանին»․ միայն ուժով

  • 22:07 14.02.2025

«Փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածը պետք է դիտարկել որպես “Իրական Հայաստանի” գաղափարի համար աջակցություն առաջացնելու զրոյական կետ, և ես վստահ եմ, որ այդ աջակցությունը կստեղծվի։ Ես այս զրույցը կունենամ յուրաքանչյուր քաղաքացու հետ», այս մասին օրերս ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վաշինգտոն և Փարիզ կատարած նրա այցերից հետո պարզ է դարձել, որ ոչ միայն Հայաստանի հասարակության մեծ մասը, այլև Սփյուռքը կտրականապես դեմ է «իրական Հայաստանի» փաշինյանական տեսլականին։ Այդ «տեսլականը» եւ Հայաստանում, եւ Սփյուռքում իր անունով են կոչում․ հրաժարում Արցախից և Նախիջեւանից, Ցեղասպանության եւ միլիոնավոր հայերի ժառանգների իրավունքների ուրացում, Կարսի պայմանագրի ընդլայնված օրինականացում, Հայաստանը «խաչմերուկի» վերածում, օտարում Սփյուռքից, հայերի դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա եւ այլ։

Այդ ամենը Փաշինյանը շատ պարզ բացատրում է, ասելով, որ եթե չընդունենք, ապա պատերազմ կլինի, եւ կկորցնենք պետությունը։ Հետո չասեք, որ չեմ զգուշացրել։

Բացի Փաշինյանի մի քանի կուսակիցներից, ոչ ոք Հայաստանում, Սփյուռքում անգամ մի բառ չի ասել ի պաշտպանություն այս տեսլականի։ Ավելին, Սփյուռքը խիստ բացասական է արձագանքել։ Դա շատ է անհանգստացրել Փաշինյանին եւ նրա միջազգային «թիմակիցներին», եւ «փետրվարից մայիս» պետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կստիպեն հայերին «հավատալ», որ ամեն ինչ լուրջ է։

Դա միայն ուժով կարելի է անել՝ բեմադրված լոկալ հարձակումներով, սպառնալից հայտարարություններով եւ «դաշնակիցների» հետ իբր հարաբերությունները սրելով։

«Սփյուռքում իրենց նախաձեռնությամբ ստեղծվեցին առաջին խմբերը, որոնք պատրաստակամություն հայտնեցին ինստիտուցիոնալ ձևով մասնակցել այս խոսակցությանը»,- ասել է Փաշինյանը, չմանրամասնելով, թե ովքեր են Սփյուռքում այս տեսլականի կողմնակիցները, բացի մի քանի մարգինալներից։

«Տեսլականը» ներկայացնելու տարբեր հնարքներ են հորինվում։ Օրինակ, Փաշինյանը վաղուց չի արտաբերում «ազգ», «հայրենասիրություն» բառերը, բայց որպեսզի չստացվի, թե հրաժարվում է դրանից, նա հորինել է «դաշնակցական գաղափարախոսություն» հասկացությունը։ Իդենտիֆիկացնելով ազգային իրավունքները, հայրենասիրությունն ու պահանջատիրությունը «դաշնակցական գաղափարախոսությն հետ» եւ օգտագործելով հայ հասարակության մեջ հակադաշնակցական տրամադրությունները, նա իր արևին փորձում է այդկերպ ստիպել հայերին հրաժարվել սեփական ինքնությունից։

Դեռ 2024-ի ապրիլի 24-ին է Էրդողանն ասել․ «Հուսով եմ՝ Հայաստանը, ազատվելով այն խավարից, որում իրեն գերի է դարձրել սփյուռքը, լուսավոր վաղվա համար նոր սկիզբ դնելու ճանապարհը կընտրի»։ Նա նաեւ ասել է, որ ՀՀ կառավարույան հետ խնդիր չունի, սակայն Սփյուռքը ամեն ինչ փչացնում է։

Այն ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոշտ պատասխան է հնչեցրել Էրդողանի հայտարարություններին։ Նա նշել է․ «Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ»։

Այնպես որ, «փետրվարից մայիս» պետք է պատրաստ լինել ուժային գործողությունների եւ նոր զիջումների, որի համար Փաշինյանը կմեղադրի «անխոհեմ» Սփյուռքին, ինչպես մեղադրում է արցախցինրին, որ 30 տարի «ուրիշի» հող են գրավել եւ թույլ չեն տվել Հայաստանը երկիր դառնա։

Նաիրա Հայրումյան

f