«Ֆրանսիական Լույս». ի՞նչ խնդիրների են Հայաստանում բախվում արցախցիները

  • 11:09 15.02.2025

Արցախից բռնի տեղահանված անձանց համար «Ֆրանսիական Լույս» ասոցիացիան մի շարք ծրագրեր է իրականացրել ու իրականացնում։ Ասոցիացիակի նախագահ, բժիշկ Լեւոն Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ խնդիրներ են արձանգարել, ի՞նչ խնդիրների են Հայաստանում բախվում արցախցիները եւ ի՞նչ պետք է անել։

«Ֆրանսիական Լույս» ասոցիացիան իր գործունեությունը սկսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, այդ շրջանում վիրաբուժական ու բժշկական նյութեր էին ուղարկում Արցախ։ 2020-ի հոկտեմբերի 12-ին ֆրանսիացի բժիշկներից կազմված վիրաբուժական խումբ ձեւավորվեց, որը ժամանեց Հայաստան ու տեղակայվեց Գորիսում ու Ստեփանակերտում։

«Մեկ շաբաթ ինտենսիվ աշխատանք իրականացրեցինք, տեսանք, թե ինչպես էր կազմակերպված առողջապահական համակարգը պատերազմական իրավիճակում՝ իր բոլոր թերություններով ու հաջողություններով հանդերձ։ Հետեւություններ արեցինք, վերադարձանք Փարիզ, եւ դրանից հետո Ֆրանսիայի արտգործնախարարությունը մեզ խնդրեց երկրորդ առաքելությունը կազմակերպել։ Եվ 2020 թվականին նոյեմբերի սկզբին երկրորդ անգամ եկանք Հայաստան։ Այդ պահից մինչ օրս իրականացվել է 40 առաքելություն»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Խաչատրյանը։

Սկզբանական փուլերում առաքելությունն աշխատանք էր իրականացնում Արցախում, մասնավորապես, առողջապահական ու կրթական համակարգերի հետ։ Որոշ դպրոցների նկուղներում հաջողվեց վիրակապարաններ ստեղծել, որպեսզի պատերազմի ժամանակ հնարավոր լիներ նկուղներում ընդունել վիրավորներին։ Եվ, Լեւոն Խաչատրյանի խոսքով, դա 2023 թվականի պատերազմի ժամանակ բավական օգուտ տվեց, օրինակ, Կարմիր շուկա գյուղում։

«2023 թվականի դեկտեմբերի հայտնի իրադարձությունների հետեւանքով Արցախի ազգաբնակչությունը բռնագաղթի ենթարկվեց։ Մենք առաջին եւ միակ ֆրանսիական կազմակերպությունն էինք, որ Վայքում տեղադրեցինք մեր վրանը եւ գաղթի օրերին երեք օր աշխատեցինք Արցախի տեղահանվածների հետ՝ սոցիալական, հոգեբանական եւ բժշկական աջակցություն ցուցաբերելով։ Հետո որոշեցինք Գյումրիում հիմնել բարեգործական ճաշարան, որտեղ տաք տնական սնունդ էր հատկացվում Արցախից բռնի տեղահանվածներին։

Հայ առաքելական եկեղեցու Շիիրակի թեմի հետ միասին մեզ հաջողվեց այդ ճաշարանը կյանքի կոչել, որը աշխատեց 4 ամիս, շահառուների թիվը 350 էր։ Զուգահեռ մենք իրենց ապահովում էինք հոգեբանների եւ սոցիալական տարբեր ծառայողների աջակցությամբ։

Դրան զուգահեռ 2023 թվականի վերջին Գյումրիում հիմնվեց «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի հոգեբանական եւ սոցիալական աջակցման կենտրոնը, որն այդ փուլում հիմնականում զբաղվում էր սոցիալական աջակցություն ցուցաբերելով ու դեղորայքի մատակարարմամբ։ Կենտրոնում սոցիալական աջակցության փուլն ավարտել ենք, եւ որոշեցինք ինտեգրման փուլ սկսել Արցախի ժողովրդի համար, ծրագրեր մշակեցինք։ Սկսեցինք բակային ճամբարներից, երկու անգամ կազմակերպեցինք բակային ճամբարներ, որտեղ հավաքվեցին ոչ միայն Արցախից բռնի տեղահանված երեխաները, այլ նաեւ գյումրեցի երեխաները։ Մենք հասկացանք, որ եթե օգնենք միայն արցախցիներին, Գյումրիում դա առաջացնելու էր սոցիալական լարվածություն։

Լեւոն Խաչատրյանը նշում է, որ ինտեգրման խնդիրները բացահայտել էին, երբ հոգեբաններն ու սոցիալական աշխատողներն իրավիճակի գնահատում էին իրականացրել։

«Օրինակ՝ ծնողներ կային Արցախից, որոնք ասում էին, որ իրենց երեխաներն Արցախում լավ առաջադիմություն ունեին, բայց Գյումրիում խնդիրներ ունեն։ Եվ մենք հասկացանք, որ դա ուղիղ կապված է ինտեգրման խնդիրների հետ։ Դպրոցական աջակցման դասընթացների ժամանակ մենք փորձում ենք նաեւ հայրենասիրության հիմնական դրույթներն ուսուցանել՝ հայրենիքի նկատմաբ պարտքի զգացողության, քաջ լինելու, հաղթանակի հույսը երբեք չկորցնելու գաղափարներն ենք փոխանցում երեխաներին»,- հավելեց նա։

Ասոցիացիայի ջանքերով Գյումրիում արցախցիների ու տեղացիների համար իրականացվում են նաեւ ֆրանսերեն լեզվի ուսուցման, խոհարարական դասընթանցներ, ձեւավորվել է ուսանողական ակումբ, եւ նպատակ կա առաջիկա 2-3 տարիների ընթացքում Գյումրում ուսանողական հանրակացարան ստեղծել։

Ի՞նչ կարիքներ ունեն բռնի տեղահանված արցախցիները

Լեւոն Խաչատրյանն ասում է․ «Առաջին մեծ խնդիրը, որը ես տեսնում եմ արցախցիների մոտ, ընդունված լինելու խնդիրն է։ Ես նրանց մոտ նկատում եմ ֆոբիաներ՝ վախեր, որովհետեւ հասարակությունը Հայաստանում նրանց չցուցաբերեց այն ջերմությունը, որը պետք էր։ Դա ցույց է տալիս, թե ինչքան պրիմիտիվ դատողություն ունենք մենք, երբ անընդհատ տարանջատումներ ենք անում՝ ըստ չակերտավոր «որակների»։ Որակ չկա, կա մեկ ազգ՝ հայ հասարակություն, լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ այն սուբյեկտիվ վերաբերմունքը, մեղմ ասած, տարակուսանքով մոտեցումները, որը ես այս տարիների ընթացքում տեսա Արցախի ժողովրդի նկատմամբ, դա ամենահիմնական խնդիրն եմ համարում։

Սոցիալական ու առողջապահական համակարգերի հետ կապված խնդիրներ էլ կան։ Ես կարծում եմ, որ Արցախում առողջապահական համակարգն ավելի սոցիալական բնույթ ուներ, քան Հայաստանում։ Եվ հիմա իրենք այդ հսկայական տարբերությունը զգում են իրենց մաշկի վրա։ Եթե Արցախում իրենք կարող էին ավելի հեշտ ստանալ անվճար առողջապահական ծառայություններ, Հայաստանում դա հնարավոր չէ։ Իսկ սոցիալական խնդիրները կապված են աշխատավարձերի, գործազրկության հարցերի հետ։ Առանց այդ էլ, նախքան Արցախից բռնի տեղահանվելը, Հայաստանում աշխատաշուկայում բավական լարված մթնոլորտ էր։ Եվ աշխատանք գտնել ավելի քան 100 հազար արցախցիների համար, բարդ է։ Երեւանում իրավիճակն այլ է, բայց մարզերում շատ դժվար է աշխատանք գտնելը»։

«Եթե անգամ Արցախը հիմա կորցրել ենք, մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցիներին չկորցնենք»

Լեւոն Խաչատրյանը նկատում է, որ բռի տեղահանված արցախցիների ներուժը ճիշտ չի օգտագործվում Հայաստանում։ Ըստ նրա՝ պետությունն արցախցիների ներուժը պարտադիր պետք է օգտագործեր երկրի զարգացման գործում։ Ժամանակին, երբ սիրիահայերը տեղահանվեցին ու տեղափոխվեցին Հայաստան, նրանց շատ քիչ մասը մնաց այստեղ։

«Արցախցիների դեպքում մենք պետք է հասկանանք, որ եթե անգամ Արցախը հիմա կորցրել ենք, մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցիներին չկորցնենք։ Ինչպե՞ս կարող ենք արցախցիներին կորցնել, արդյոք այդ շռայլությունը մեզ թույլ տալու իրավունք ունե՞նք, ոչ։ Ես կարծում եմ՝ կազմակերպվածության խնդիրներ կան, տարբեր հայտարարություններ ենք լսում տարբեր ծրագրերի մասին։ Երբեմն լսում ենք, թե ինչպես է Եվրոպան օգնության գումարներ տալիս, բայց հողի վրա դրա արդյունքը չենք տեսնում։

Եվ Եվրոպան էլ առանձնապես մտահոգ չէ, որ եթե գումարը տվել է, իրականում ինչպե՞ս է ծախսվել այդ գումարը։ Ես վերջերս խոսում էի արցախցի մի ընտանիքի հետ, ասացին՝ բնակապահովման ծրագրով մեկ անձին 3-5 մլն դրամ են հատկացնում, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել, բայց ակնհայտ է, որ դա բավական կոշտ եւ ոչ ճկուն ծրագիր է, արցախցիների մեծ մասի համար անհասանելի։ Մյուս կողմից էլ շանտաժի տարր կա այդ ծրագրում, մարդկանց ասում են՝ դուք պետք է գնաք սահմանամերձ մարզերում ապրեք, որպեսզի մեծ գումար ստանաք։ Այս խնդիրները հին խնդիրներ են, տասնամյակներ շարունակ Հայաստանում գերբեւեռացում է եղել Երեւանում ու Երեւանի շրջակայքում, իսկ հեռավոր մարզերում՝ անապատացում։ Սա ցույց տվեց, թե ինչ խոցելի վիճակում ենք հայտնված նման կարգի սոցիալական իրադրությունների ժամանակ լուծումներ գտնելիս։

Ինչո՞վ է կարեւոր, որ արցախցին մնա Հայաստանում

«Նախ եւ առաջ զուտ Հայաստանի բնակչության թվաքանակի իմաստով է շատ կարեւոր, որ այս մարդիկ չարտագաղթեն եւ իրենց ներուժն, ու պոտեցիալն օգտագործվի հայրենիքի համար։ Երկրորդը՝ մենք չգիտենք, թե տարիներ հետո ինչպիսկ փոփոխություններ կլինեն՝ «խաղաղության խաչմերուկի» մենախոսությունից մինչեւ այլ, գուցե եւ ավելի լուրջ ու իրական խնդիրների արծարծում։ Եվ արցախցի բնակչության նեկայությունը Հայաստանում՝ իրենց լեզվի, մշակույթի, սովորույթների պահպանմամբ հանդերձ, դա միշտ վառ է պահելու այն ճրագը, որի հիման վրա մենք պետք է հույս ունենք հետագայի համար»,- ասաց Լեւոն Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

f