«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը դիմել է Արցախի ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով թարմացնել իրենց ընտրացուցակները։ Նա գրել է․ «Հիմք ընդունելով այն, որ ընտրական ցուցակներ վարելը ԿԸՀ-ի կողմից դարձել է անհնարին, ուստի, ԱՀ ներկայացուցչական մարմնի կենսունակ կազմն ապահովելու նպատակով, առաջարկվում է մանդատ ստացած կուսակցություններին ներկայացնելու նորացված ցուցակներ»։
Հիշեցնենք, որ օրերս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, հիմք ընդունելով արտակարգ իրավիճակը, հրամանագիր է ստորագրել, անորոշ ժամանակով երկարաձգելով ներկայիս Ազգային ժողովի լիազորությունները։
Եթե մայիսին, ինչպես նախատեսված էր, նոր ընտրություններ չեն լինելու, կարիք կա խորհրդարանի կազմը թարմացնել և ավելի գործունյա դարձնել կուսակցական ցուցակների միջոցով։ Սիրան Ավետիսյանի առաջարկը սակայն դիտարվել է որպես Սամվել Բաբայանի նախաձեռնություն։
Արցախի ԱԺ խմբակցությունները չեն քննարկել այս առաջարկը, քանի որ Բաբայանի կուսակցության պատգամավորներն ասել են, որ սա իրենց պաշտոնական առաջարկը չէ, իրենք համաձայն չեն դրա հետ։
Արցախցիները կարծում են, որ Բաբայանը սա անում է, որովհետեւ իր ֆրակցիան ամբողջությամբ կառավարելի չէ իր կողմից` հաճախ միանում են ՀՀ իշխանությունների դեմ արվող հայտարարություններին, հետեւաբար, ուզում է նրանց փոխարինել հավատարիմներով, որոնք կհակադրվեն արցախցի պատգամավորներին, գրում է Հրապարակը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: