Այսօր Աբխազիայում արտահերթ ընտրություններ են, որոնք նշանակվել են այն բանից հետո, երբ աբխազ հասարակությունը թույլ չի տվել խորհրդարանին վավերացնել Մոսկվայի հետ պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանը ցանկանում էր ներդրումների դիմաց սեփականության իրավունք ստանալ աբխազական անշարժ գույքի նկատմամբ։
Ավելի քան 30 տարի, չնայած Մոսկվայի օգնությանը և նույնիսկ անկախության ճանաչմանը, աբխազական հասարակությունը չի ցանկանում հրաժարվել հողի և այլ անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքից: Այս հարցի պատճառով Աբխազիայում իշխանությունը մի քանի անգամ փոխվեց, եղան հեղափոխություններ, ազգային հավաքներ։
Չնայած այն ինստիտուցիոնալորեն գրանցված չէ, սակայն Աբխազիայում պահպանվում է բնակչության ավանդական տոհմային կառուցվածքը, ինչը արտահայտվում է նաև հողի սեփականության կառուցվածքի վրա։ Նույնիսկ եթե հողը պաշտոնապես գրանցված է որպես պետական կամ մասնավոր սեփականություն, այն ավանդաբար համարվում է այս կամ այն տոհմի կամ ամբողջ աբխազ ժողովրդի սեփականությունը: Փաստորեն, ինչպես եւ Արցախում, որտեղ յուրաքանչյուր համայնք գիտեր իր հողերի սահմանները, իսկ հողատարածքները պահպանում էին նախկին սեփականատերերի տոհմային ազգանունները։
Հարցին, թե ինչպես կարելի է համադրել Աբխազիա ռուսական մեծ գումարների ներհոսքը՝ օտարերկրացիներին հող որպես սեփականություն տալու դժկամության հետ, Աբխազիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ հստակ պատասխաններ չկային: Այս մասին գրում են արեւմտյան վերլուծաբանները։
«Արդեն 16 տարի է, ինչ Ռուսաստանը ֆինանսավորում է այս տարածաշրջանը, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչպես պետք է Աբխազիան հետագայում զարգանա, ասում է Կովկասի անվտանգության հարցերով հետազոտող Օլեսյա Վարդանյանը։ — Իսկ զարգանալու համար պետք է ինչ-որ կերպ բացվել և, իհարկե, բացվել այս ներդրումների համար։ Ադգուր Արձինբան հիմա բավականին երկար կարգախոսներով մարդկանց ասում է, որ ինչ-որ կերպ համաձայնության կգա Մոսկվայի հետ։ Բայց հետո գալիս է Մոսկվան և ասում. «Գիտեք, մենք արդեն այսքան անգամ փորձել ենք ձեզ հետ խոսել և բանակցել։ Եվ մենք պարզապես չենք կարող սպասել ավելին»:
Այս համատեքստում Մոսկվան կարող է «պահանջել» անշարժ գույք, որը պատկանում է ոչ թե էթնիկ աբխազներին, այլ, ասենք, հայերին, որոնք ներկայումս կազմում են Աբխազիայի բնակչության գրեթե մեկ քառորդը։
Այս առումով կրկին ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ Թուրքիան կարող է միանալ Ռուսաստանին որպես Աբխազիայի երկրորդ «հովանավոր»: Ի վերջո, հենց Թուրքիայում է ապրում միլիոնավոր աբխազական սփյուռքը։
Թուրքիան և Ռուսաստանը միասին կարող են «վտարել» հայերին և տիրանալ նրանց ունեցվածքին՝ ձեռք չտալով աբխազների «նախնյաց» հողերին։ Մոսկվան ու Անկարան վերջերս նույնն արեցին Արցախում։ Հիմա ո՞ւմ են պատկանում Ղարաբաղի հողերը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: