Այսօր նշվում է Արցախյան շարժման 37 ամյակը։ Արցախի Հանրապետության եւ ՀՀ Ազգային ժողովների պատգամավորներն այսօր առավոտյան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ օրվա ընթացքում միջոցառումներ են անցկացվելու։
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը լրագրողների հետ զրույցում ասաց․ «1988-ի փետրվարի 20-ը խորհրդանշական է ոչ միայն արցախահայության, այլ ամբողջ հայ ազգի համար, քանզի դարեր անց՝ 20-րդ դարում հայը վերջապես հստակ, վճռականորեն եւ իրավական տեսանկյունից անթերի աշխարհին ներկայացրեց իր իրավունքը՝ ապրել իր պատմական հայրենիքում՝ անկախ, արժանապատիվ։ Եվ այդ իրավունքն իրագործվեց ՀՀ ստեղծմամբ եւ 1988-ի շարժման արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծմամբ։ Ցավոք, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հայաթափվել է, սակայն արցախահայությունը, ինչպես 1980-ականներին, այնպես էլ այսօր լի է վճռականությամբ՝ եւս մեկ անգամ, հուսով եմ՝ արդեն վերջնականապես հայացնել Արցախը»։
Հարցին, թե ի՞նչ հնարավորություն են տեսնում հավաքական վերադարձի համար, Բաղունցը պատասխանեց, որ վերադրաձը պետք է լինի համաձայն բոլոր միջազգային նորմերի, մեր պատմական անցյալի ու պատմական իրավունքի։
Գագիկ Բաղունցն անդրադարձավ նաեւ արցախցիների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։ «Արցախցու կռվելու, հայ քաջորդինեի կռվելու ապացույցն այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան մեր հերոս քաջորդիների տասնյակ, հարյուրավոր շիրիմներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Արցախի։ Ղարաբաղում եղբայրական գերեզմանոցները նույնպես վկայում են, որ արցախցին ու ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար եւ փորձել անել ամեն ինչ, որպեսզի Արցախը մնա հայկական։ Բայց այս կամ այն հանգամանքների բերումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հուսով եմ՝ ժամանակավոր է»,- ասաց նա։