«Մենք 37 տարի առաջ վերածնունդ ապրեցինք եւ ի լուր աշխարհի մեր միասնականությունը ցուցադրեցինք։ 37 տարի հետո՝ հիմա առավել քան ունենք դրա կարիքը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրություն ընդունելու կարիք կա, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Այսինքն՝ հաջորդ փուլն ենք մտնում Արցախից հետո, որտեղ հայտարարվում է, որ Հայաստանը՝ ի դեմս այս իշխանությունների, պատաստ է, որպեսզի թշնամին գա ու տիրանա»։
Ըստ նրա՝ նույն սցենարն է տեսնում, ինչ տեղի ունեցավ սկսած 2019 թվականից Արցախի հետ։ «Սա ամենալուրջ հայտարարությունն էր, որն Արցախի հայաթափումից հետո արվեց այս անձի կողմից։ Նա համարեց, որ Արցախի հարցը փակվեց, հերթը Հայաստանի հարցի փակմանն է»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։