Արթուր Խաչատրյան․ Արցախն իր հոր բոստանը չէ, որ ինքն ինչ ուզենա, անի

  • 13:29 20.02.2025

«Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության փաստացի միավորման, համատեղ կենսագործունեության արդյունքում»,- այսօր Եռաբլուրում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդհանրապես փակել Արցախի էջը՝ չունենալով դրա իրավունքը, որովհետեւ Արցախի ժողովուրդն իրեն դա չի լիազորել՝ Արցախն իր հոր բոստանը չէ, որ ինքն ինչ ուզենա, անի։

«Դրանից բացի, ինքը թուրքական պահաջներն ու նախապայմաններն է կատարում՝ ուրանալ Ցեղասպանությունը, դադարեցնել Ցեղասպանության հետապնդման աշխատանքները, վաղը ինքը կփոխի սիմվոլիկան, Սահմանադրության մեջ դա կանի։ Այսինքն՝ ինքը սարքում է թուրք-ադրբեջանի խամաճիկային պետություն, որտեղ որոշումները կայացվում են Անկարայում կամ Բաքվում, եւ ինքը Երեւանում դա փորձում է սեփական ժողովրդի վրա վաճառել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գիտակցի, որ երկիրը պետք է ղեկավարի մարդ, ով առաջնորդվում է ազգային շահերով, այլ ոչ թե սեփական շահերով։ Խաչատրյանի խոսքով՝ սահմանադրական հանարքվեն չպետք է անցկացվի, հայ ժողովուրդը պետք է ասի, որ թուրք-ադրբեջանական պահանջներին չի ենթարկվելու։

Նա նշեց, որ 1990-ականներին էլ Ադրբեջանն ավելի ուժեղ էր, քանի որ Թուրքիայի աջակցությունն ուներ, բայց մենք հաղթեցինք Ադրբեջանին, Հայաստանը ձեռք էր բերել ռազմավարական խորություն։