Այո, կան հնարավորություններ Արցախի հարցը ակտիվացնելու, Մինսկի խմբի համանախագահի ինստիտուտը վերագործարկելու․ Դավիթ Գալստյան

  • 13:42 20.02.2025

«Արցախը կա, Արցախը լինելու է, անկախ նրանից, թե որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին։ Նրանք պատասխան են տալու»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարություններին՝ Դավիթ Գալստյանն ասաց․ «Հենց նրա օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ մենք ունեցանք կորսված Արցախի տարածք, որն այսօև բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ մենք բոլորս հասկանում ենք, որ դա թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները։ Եվ այսօր նրանք փորձում են հաճոյանալ այդ տանդեմին ու իրենց համար հենարան գտնել հենց այդ տանդեմի մեջ»։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ այսօրվա պայքարն ուղղված է նրան, որ Արցախի նկատմամբ մեր իրավունքները վերականգնվեն, այդ թվում՝ վերադարձի իրավունքը պետք է բերել միջազգային օրակարգ։ «Քանի չկան բանակցություններ, եւ չկա Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որպեսզի այդ հարցը մտնի միջազգային օրակարգ, որեւէ այլ դաշտում չի կարող քննարկվել Արցախի հարցը։ Երբ Ադրբեջանը խոսում է նոյեմբերի 9-ի 9-րդ կոտից, ՀՀ օրվա իշխանությունները կարծես թե չեն կարողանում ասել, որ մինչեւ 9-րդ կետը կա 8 կետ, որոնք Ադրբեջանը կոպիտ խախտել է, այն է՝ Լաչինի միջանցքի հարցը, Արցախցիների՝ Արցախում բնակվելու իրավունքը եւ այլն։

Եվ նրանք, լինելով պարտված իշխանության սիմվոլներ, պարտության սիմվոլներ, երբեւէ չեն կարողանալու այդ հարցը բարձրաձայնել, քանի որ նրանք չեն բանակցում, գլխիկոր վիճակում են գտնվում եւ կատարում են հրահանգներ։ Եվ ինչքան ժամանակ մենք ունենանք պատության սիմվոլ հանդիսացող հայ ազգի ներկայացուցիչներ, հայ ազգի համար բանակցություններում որեւէ դրական կետ չի լինելու։

Այո, կան հնարավորություններ Արցախի հարցը ակտիվացնելու, Մինսկի խմբի համանախագահի ինստիտուտը վերագործարկելու, բայց, ցավոք, սրտի օրվա իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր անկյունները փակել, որպեսզի իրենցից հետո էլ չկարողանան այդ հարցերը բացել։ Բայց համայն աշխարհին հայտարարում եմ՝ Արցախի հարցը որեւէ իշխանության սեփականությունը չէ եւ որեւէ իշխանություն չի կարող փակել հայ ժողովրդի պայքարը»,- հավելեց նա։

Դավիթ Գալստյանը նաեւ ասաց, որ Արդբեջանի ենթակայության տակ ու ադրբեջանական երաշխիքներով որեւէ հայ չի վերադառնա Արցախ, պետք է լինեն այլ երաշխիքներ։