«Խախտվել է պատերազմի այբուբենը, թշնամին առաջին իսկ րոպեներից հարվածում էր մեր ռազմավարական օբյեկտներին, իսկ Հայաստանի կողմից պատասխան չկար։ Իսկ ժամանակակից պատերազմում անգամ մեկ ժամն էլ նշանակություն ունի։ Այդ բացթողումների եւ պատերազմի սխալ կառավարման հետեւանքով, հետո նոյեմբերի 9-ի այդ խայտառակ զինադադրի հետեւանքով, երբ առանց որեւէ կրակոցի երեք շրջան հանձնվեց թշնամուն, հասել ենք այս օրվան»,- այսօր լրագրողներին ասաց Արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական բանակն ավելի լավ վիճակում էր, քան 1992 թվականին, երբ պատերազմի մեջ էինք։ «Բազմաթիվ անգամ ավելի լավ պայմաններում մենք գնացինք այդ խպայտառակ զինադադարին՝ փաստորեն Արցախը մտցնելով շրջափակման մեջ»,- հավելեց նա։
Ըստ Առուշանյանի՝ հետագայում եղան այլ սխալներ, եւ մենք հայտնվեցինք այս խայտառակ վիճակում։ Նա ասաց, որ նոր աշխարհակարգ է ձեւավորվում, հնարավոր են տարածաշրջանային այնպիսի զարգացումներ, որ միջազգային երաշխիքների եւ հայ ժողովրդի ինքնակազմակերպման միջոցով հնարավոր լինի արցախցիների հավաքական վերադարձը։ Դրա համար պետք է ունենալ հավաքական վերդարձի հստակ ծրագիր եւ համապատասխան աշխատանք տանել այդ ուղղությամբ։