Բալայան. 37 տարի առաջ ամենակարեւոր զարգացումն այն էր, որ մարդկանց մեջ սպանվեց ստրուկը

  • 14:11 20.02.2025

«1988-ի եւ դրան նախորդած որոշումները իրավական տեսանկյունից բավական անաղարտ էին, որովհետեւ դրանք համապատասխանում էինք տվյալ ժամանակաշրջանի խորհրդային Սահմանադրության պահանջներին ու միջազգային իրավունքի նորմերին։ Հետեւաբար, արցախահայության պայքարը՝ իր ինքնորոշման, իր ազատ ապրելու իրավունքի առումով, արդարացված էր եւ միաժամանակ նաեւ սահմանադրական էր»,- այսօր լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։

Նրա խոսքով՝ հետագա զարգացումները բերեցին նրան, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով արցախահայությունը բռնի տեղահանվեց։ «Իմ կարծիքով՝ ամեն ինչ վերջացած չէ, որովհետեւ աշխարհն անընդհատ փոխվում է, վերջին տարիներին երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում, եւ աշխարհի վերաձեւում է տեղի ունենում, ուժային կենտրոնների կողմից նոր աշխարհակարգ է ձեւավորվում։ Եվ մենք հնարավորինս պետք է փորձենք այդ իրավիճակի մեջ մեր ազգային շահը տեսնել ու հետամուտ լինել այդ շահի իրագործմանը։ Այսօր արցախահայությունը շատ ծանր վիճակի մեջ է, բայց հայ ժողովուրդրը շատ դժվարություններ է հաղթահարել, այս փորձության միջով էլ կանցնեք»,- նշեց նա։

Ըստ Բալայանի՝ 37 տարի առաջ ամենակարեւոր զարգացումն այն էր, որ մարդկանց մեջ սպանվեց ստրուկը, այսինքն՝ այն մտածելակերպը, որ մենք ի վիճակի չենք որեւէ բան անել։ Ժողովուրդն ապացուցեց, որ կարող է համախմբված ու միասնական լինելով՝ հարցեր լուծել։ Փաստորեն ապացուցվեց, որ անկախ նրանից՝ ժողովուրդն է փոքրաքանակ, թե երկրի տարածքն է փոքր, դա կապ չունի, եթե կա նպատակ ու ուժերի մեկտեղում, ապա կարելի է հասնել այդ նպատակին։

«Այսօր էլ է այդ գաղափարն արդիական, այնպես չէ, որ մեր ժողովուրդն այսօր խեղճ ու կրակ է, այդ ռեսուրսը մեր ժողովուրդն ունի, պարզապես պետք է կազմակերպել ու ժողովրդին միավորել եւ դրական էներգիան նպատակաուղղել ազգային, պետական խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։