«Բայց հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել Ադրբեջանի հարձակումը, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մաս Հայաստանը եղել է, եւ տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում»,- այսօր լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեկ հոդված չունի, եւս 8 հոդված ունի, եւ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այդ հոդվածների հետ։ «Ինչպես կարող է որեւէ մեկն այդ 8 հոդվածի հետ տեղի ունեցած իրականությունը չընդունել եւ ասել՝ եւս մեկ հոդվածի համար մենք պետք է վերադառնանք այդ հայտարարությանը։ Կարող է վերադառնանք, եւ նույն ճանապարհը կրկնվի»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչում այդ հայտարարությունից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դա արդեն ուրիշ քննարկման հարց է։ Նոյեմբերի 9-ի մնացած որեւէ հոդված գոյություն չունի, եւ սա է դե ֆակտո իրականությունը»։