2025թ. 7-րդ շաբաթվա (10.02-16.02.2025թ.) ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն: Շարունակում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաև Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92․4%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։ Թոքաբորբով հոսպիտալացվել է 597 պացիենտ, որոնց 59․9%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.1 անգամ։
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաև Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։
Սույն թվականի փետրվարի 16-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներ ծանր սուր շնչառական վարակներով, թոքաբորբերով դիմել են 70 պացիենտ, որից 58-ը՝ 0-18 տարեկանների շրջանում։
2025թ. փետրվարի 17-ի դրությամբ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 54 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ աճել է 3 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.6 անգամ:
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 23 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ նվազել է 8 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.5 անգամ:
2025թ․ փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․9%, իսկ բացակաների թվից կազմել է 23․7%: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․2%, իսկ բացակաների թվից կազմել է 20․1%: