«Հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին». Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

  • 19:18 20.02.2025
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով ընթացող կեղծ դատավարության դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա ընտանիքը։
Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը, որում նշել է` այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն, դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իր իրավունքը, կոպտորեն խախտվում են միջազգային, նաև Ադրբեջանի օրենսդրությունները: Վարդանյանն ընդգծել է` այս գործն ուղղված էիր դեմ միայն նրա համար, որ իրացրել է միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության ևքաղաքական մասնակցության իր իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները։
Արցախի նախկին պետնախարարը նշել է`թեպետ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամ է, սակայն գործընթացն իրականացվում էբոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։ Նա թվարկել է դրանք․
1.

Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2.

Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված, այսպես կոչված, «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3.

Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4.

Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5.

Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6.

Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է։

Վարդանյանն ընդգծել է` այս «դատաքննությունը» միայն իր նկատմամբ չէ, այլ փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակցել են Արցախին ու նրա բնակչությանը։
«Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանն ու դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին։ Նա զգուշացրել է՝ նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Վստահ է՝ միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել։