Փաշինյանից պահանջում ենք արցախցիների անձնագրերը ճանաչել որպես օրինական փաստաթուղթ

  • 21:48 20.02.2025

«Նիկոլ Փաշինյան, այս կապույտ անձնագիրը, որ յուրաքանչյուր արցախցի ունի, տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Եվ արցախցին այդ անձնագիրն օգտագործել է որպես օրինական փաստաթուղթ։ Դուք տարհանման հաջորդ օրն ասացիք՝ ձեր անձնագրերն ուժի մեջ չեն, որովհետեւ դրանք ճամփորդական անձնագրեր են, ո՞վ է լսել այդպիսի բան։ Ի՞նչ ճամփորդական անձնագիր, արցախցին տուրիստ է, ի՞նչ է»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի Աննա Այվազյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում են արցախցիների անձնագրերը ճանաչել որպես օրինական փաստաթուղթ, իսկ արցախցիներին ճանաչել որպես ՀՀ քաղաքացի եւ թույլ տալ, որպեսզի արցախցիներն ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունենան։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունները վերջնականապես համոզված են, որ արցախցիները տարհանված են, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ տարհանվածներն առ այսօր ապահովված չեն թեկուզ ժամանակավոր կացարաններով։ Ամբողջ ախարհում տարհանվածներին ապահովում են կացարանով։ «Եթե տարհանված չենք, ուրեմն հաշվիր Հայաստանի քաղաքացի, թող մարդիկ աշխատանքի անցնեն ու աշխատեն։ Պահանջում ենք հանել ՀՀ քաղաացիության պայմանը, որովհետեւ մենք միշտ համարել ենք, որ արցախցին նույն Հայաստանի քաղաքացին է։ Հաջորդ պահանջս՝ մեր հարցի լուծումն է, մեր վերադարձը։ Մինչեւ Մինսկի խումբը չվերակենդանացվի, մենք չենք կարող վերադառնալ Արցախ»,- հայտարարեց նա։

Աննա Այվազյանը հայտարարեց․ «Ուզում եմ մի քանի հարց տալ ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատրն էր, Նիկոլ Փաշինյան, գոնե սերժանտի աստիճան ունեի՞ր, որ դու ղեկավարում էիր գեներալներին։ Ալեն Սիմոնյան, գոնե ենաթսպայի կոչում ունեի՞ր, որ ասում էիր՝ թող կռվեիք։ Դու ավտոմատ քանդած-հավաքած կայի՞ր կյանքումդ, Ալեն Սիմոնյան, իսկ արցախցի երեք տարեկան երեխան քանդում եւ հավաքում է։ Եվ դուք արցախցուն ասում եք՝ վախկոտ, թող կռվեիք, երկիրը չտայի՞ք։ Երկիրը ծախել էիք, ծախված երկրում ո՞ւմ հետ մնայինք, թուրքի՞։ Մենք այլ ելք չունեինք՝ կամ պետք է ինտեգրվեինք թուրքին, կամ պետք է Արցախից դուրս գայինք։ Մենք վերցրեցինք մեր հպարտությունը, շալակեցինք մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը եւ թողեցինք մեր ամենաթանկ գանձը՝ մեր երկիրը, մեր տունը, մեր շիրիմները։ Եկանք, որ Սասունցի Դավիթի երրորդ զարկի նման ամրացած ու հզորացած գնանք ու ազատագրենք մեր երկիրը։ Մենք  գնալու ենք, լավ իմացեք, ովքեր կասկածում են, թող չկասկածեն, արցախցին Արցախից բացի ուրիշ տեղ չի ապրելու»։

Նա նաեւ դրվագներ հիշեց Արցախյան շարժման իրադարձություններից․ «1988-ի այս օրը Ստեփանակերտի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, եւ եղանակը սրանից էլ վատ էր։ Ձյուն էր, բայց մենք իրար սեղմված մինչեւ առավոտ սպասում էինք նստաշրջանի պատասխանին։ Մարզգործկոմը մեր ճնշման տակ խոստացել էր, որ նստաշրջանը կկայանա, բայց Բաքվից եկած ներքին հրաման կար, փակել էին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները։ Եվ պատգամավորները ոտքով գալիս էին անտառներով, գյուղերով, սարերով-ձորերով։ Երբ որեւէ պատգամավոր մտնում էր հրապարակ, հրապարակը թնդում էր ծափեից ու ուռա-ներից։ Առավոտյան նստաշրջանի որոշումը կարդաց Վաչագան Գրիգորյանը, մարդկանց ցնծությունն անկարագրելի էր։ Այդ որոշման մեջ գրված էր՝ դիմել Ադրբեջանի Գերագույն խորհրդին եւ խնդրել համաձայնել ԼՂԻՄ-ը Ադրբեջանից անջատելու, դիմել Հայաստանի Գերագույն խորհրդին եւ խնդրել, որ համաձայնեն ԼՂԻՄ-ն ընդունելու իր կազմի մեջ։ Ահա այսպիսի որոշում էր, որը ցնծությամբ ընդունվեց Ղարաբաղի ժողովրդի կողմից, միաժամանակ նույն օրը այստեղ ընդունվեց ցնծությամբ։

Մենք մի քանի օր սպասում էինք Ադրբեջանի արձագանքին մեր որոշման համար, եւ արձագանքը եղավ Սումգայիթը։ Հասկացանք, որ խաղաղ լուծում այս հարցին չի լինի, եւ մենք պետք է պատրաստվենք մեր իրավունքները պաշտպանելու, եւ մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Եղավ պատերազմը, հաղթեցինք մի քանի անգամ մեզանից ուժեղ Ադրբեջանին, իրենց զենքով իսկ հաղթեցինք, զենքն իրենցից վերցնում էինք ու կռվում։ Եվ 32 տարի հայ ազգն ապրում էր հպարտ, գլուխը բարձր, բայց 2020 թվականին մեր գլուխը խոնարհվեց անգիտակ, ազգին չսիրող, ազգի խնդիրներից գաղափար չունեցող մի խակ իշխանության պատճառով»։

f