Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում կացինով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել 50-ն անց կնոջ վրա, հայտնում է The Jerusalem Post-ը՝ Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը հղումով: Կինը ծանր վիճակում է՝ մարմնի վերին և ստորին վերջույթների վնասվածքներով։ Նա հոսպիտալացվել է: Հարձակվողը, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: Նա քայլի դրդապատճառներն անհայտ են:
Այս սովորական թվացող կրիմինալ տեղեկությունը կարող է առիթ լինել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում Իսրայելի կողմից որեւէ օպերատիվ գործողության համար։
Օրերս Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ահազանգում էր, որ քաղաքապետարանը, որպես պատճառ նշելով 1994 թվականից գոյացած հարկային պարտքը, պատրաստվում է բռնագրավել Պատրիարքարանի սեփականություններ: Պատրիարքությունը բողոք է ներկայացրել դատարան, որի մերժման դեպքում կարող է զրկվել իրեն դարերով պատկանող ունեցվածքից:
Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման անարդար որոշման և Պատրիարքությանը պարտադրվող անտրամաբանական ահռելի պարտքի առնչությամբ Պատրիարք Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը:
Պատրիարքն իր նամակում մասնավորապես հորդորում է Իսրայելի վարչապետին միջամտել հարցին, դադարեցնել Հայոց պատրիարքության դեմ Երուսաղեմի քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և խնդրին լուծում տալու նպատակով վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները, ասված է հաղորդագրությունում:
Երուսաղեմի Հայկական թաղամասի եւ պատրիարքության հարցը կարեւոր տեղ կարող է ունենալ Թրամփի վարչակազմի քաղաքականության մեջ։ Թրամփը, որը հատուկ վերաբերմունք ունի Իսրայելի հանդեպ եւ Սպիտակ տանը առաջինը հանդիպել է Նեթանյահույի հետ, նաեւ ընդգծում է քրիստոնեաներին պաշտպանելու իր հանձնառությունը։ Նա պատահական չէ զանգահարել Արան Առաջինին՝ որպես Մերձավոր Արեւելքում հին քրիստոնեա համայնքի ներկայացուցչի։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությանը ներկա էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ Տեր Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը:
ԱՄՆ պետքարտուղարի այցից այլ մանրամասներ չեն հաղորդվել, և հայտնի չէ, թե ինչպես է Թրամթի վարչակազմը վերաբերվում հայերի նկատմամբ Իսրայելի ճնշումներին։