Արցախցի կնոջ կերպարն ու դերն ավելի ցայտուն դարձավ 1988-ին, երբ Ղարաբաղյան շարժումը դուրս եկավ ընդհատակից և ստացավ համազգային բնույթ: Այլևս հնարավոր չէր ապրել ուրիշի թելադրանքով և ուրիշի լծի տակ: Գտնվեցին մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին և բազում վտանգներ հաղթահարելով՝ կարողացան հասնել մեր ամենանվիրական նպատակին։ Այդ մարդկանց կողքին էին նաև նրանց կանայք:
Մելանյա Առուշանյանը Ղարաբաղյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանի կինն է, ով առաջին իսկ օրերից կանգնել է ամուսնու կողքին, դարձել Շարժման ակտիվիստ կանանցից մեկը։
Տիկին Մելանյան մտաբերում է բոլոր այն դժվարությունները, որոնց միջով անցել են
-Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներից էր Սլավիկը նվիրված Ղարաբաղի փրկությանը: Դրա վառ ապացույցն ինստիտուտն ավարտելուց հետո հրաժարվել է Սարդարապատի թանգարանի տնօրենի պաշտոնի հեռանկարից՝ գերադասելով վերադառնալ Արցախ: Իսկ պատմության ֆակուլտետի դեկան Ռ.Մովսիսյանի այն հարցին, թե ինչ է անելու Ղարաբաղում, երբ վերադառնա, Սլավիկը կարճ պատասխանել է,- <<Եթե ուրիշ ոչինչ չկարողանամ անել, հայերի քանակը չորսով կավելացնեմ>>: 1978 թվականին վերադարձանք Արցախ։ Ես դարձա ամուսնուս գաղափարակից ընկերը։
Ղարաբաղյան շարժման արմատները շատ խորն են։ Մինչև 1988 թվականն այն արդեն սկսված էր: Շատ քչերը գիտեն նախապատրաստական և վտանգավոր փուլի մասին, որը կարող էր ճակատագրական և անկանխատեսելի հետևանք ունենալ:
1983 թվականի դեկտեմբեր ամիսն էր․ ամուսինս Բաքվում էր: Գնացել էր քաղլուսկաբինետի համար տեխնիկական սարք բերելու: Այնտեղ ցանկանում էին իրենց հին և օգտագործվածը տալ, սակայն նա հրաժարվեց բերել: Մեր տան հեռախոսին զանգում և ռուսերենով նրան են հարցնում: Պատասխանում եմ, որ տանը չէ: Նորից են զանգում և ստանում նույն պատասխանը: Հաջորդ օրը ամուսինս վերադառնում է Բաքվից։ Նրան ասում եմ այդ կասկածելի զանգերի մասին: Լռում է երկար…
Գիշերվա կեսին հանկարծ մեր տան դուռը ծեծում են․ ներս են մտնում ազգությամբ ադրբեջանցի և ռուս մի քանի մարդ: Խոսում են ռուսերեն: Ես նրանց հյուրասիրում եմ սուրճով և դուրս գալիս սենյակից՝ հետևիցս փակելով դուռը: Այդ պահին լսում եմ, որ ամուսինս նրանց կամաց ասում է՝ կինս ոչնչից տեղյակ չէ, նա երեխայի է սպասում, խնդրում եմ չանհանգստացնել: Անմիջապես հասկանում եմ, թե ինչու համար են եկել։ Սկսվում է խուզարկությունը, արգելված գրականություն էին փնտրում․ չեն գտնում, պահել էի շատ ապահով տեղում:
1989 թվականին մեր տունը շարունակվում է խուզարկվել մի քանի անգամ: Հինգ երեխաներիս հետ միշտ մենակ էի (Սլավիկը տանը համարյա չէր լինում)։ Վախենում էի մեկ վայրկյանով անգամ մենակ թողնել նրանց: Մի անգամ ամուսնուս առաջարկեցի երեխաներին դուրս հանել Արցախից, սակայն նա բարկացած պատասխանեց՝ Շահումյանում նրանց հասակակիցները խրամատներում հրացան են լիցքավորում իրենց հայրերի համար։ Ցավոք, հենց Շահումյանում տվեցինք մեր առաջին զոհը։ 1990-ին զոհվեց Էդմոն Բարսեղյանը։
․․․Շարժումը դուրս էր եկել ընդհատակից: Բնականաբար, սկսվեցին դժվար ու վտանգավոր տարիները: Ասկերանն առաջին լուրջ վտանգն զգաց դեռևս 1988-ի փետրվարի 22-ին, երբ զինված թուրք խառնամբոխը հարձակվեց Ասկերանի վրա և արժանի դիմադրության հանդիպելով՝ համոզվեց, որ Ասկերանն անառիկ ամրոց է։
Տիկին Մելանյան պատմում է, որ շրջանում ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց մեծամասնությունը։ Իսկ նրանք, ովքեր չէին կարողանում ազատ խոսել և իրենց դրսևորել, ապա դա նրանից էր, որ վախի զգացում ունեին ու չէին հասկանում պահի լրջությունը
– Տղամարդկանց հետ ակտիվացանք մենք՝ կանայքս: Ասկերանում աչքի էին ընկնում Էվելինա Աղաջանյանը, Նորա Ասրյանը, Կարինե Ջհանգիրյանը, Էլմիրա Բաբայանը, Գյուլչորա Ավագիմյանը, Միրա Ավանեսյանը, Մարիետտա Քոչարյանը և ուրիշներ: Կանայք համախմբվել, բռունցք էին դարձել ու լավ էին հասկանում, որ իրենք ևս պետք է ունենան իրենց դերակատարությունն այդ մեծ գործում։ Հաճախակի հավաքվում էինք․ ամեն մեկս գիտեինք մեր անելիքները։ Մեզ առաջնորդում էին զգոն միտքն ու կամքի ուժը։
Արցախցի կինը երբեք չի թողել իր զինվորին, ամուսնուն։ Ընդհակառակը՝ միշտ թիկունք է եղել նրան։ Դրա ապացույցն են Արցախյան բոլոր պատերազմները, երբ մեր կանայք կարողացել են իրենց ներդրումն ունենալ, ինչպես նաև իրենց ներկայությամբ ոգևորել տղամարդկանց։
Մեր ժողովրդի կամքի ու ազատագրական պայքարի շնորհիվ կերտվեց ազատ ու անկախ Արցախ․ 2023-ի սեպտեմբերը, ցավոք, փոշիացրեց ամեն ինչ
-1991 թվականի վերջերին բոլորս տեղափոխվել և ապրում էինք մեր շենքի նկուղում: Մի քանի ընտանիքով մնալով Ասկերանում՝ ոգևորում էինք շատ-շատերին։ Մարտի դաշտից հանգստի եկող տղաները, տեսնելով մեզ, ուրախանում ու գոտեպնդվում էին։
Ապրելու միջոցներ չկային, ջուր էինք բերում ներքևի գետակից: Ցուրտ էր, լույս չկար… Բամբակից կանթեղ էինք սարքում և մի կերպ լուսավորում նկուղները: Չէի ցանկանում լքել Ասկերանը։ 1992 թվականի փետրվարին, երբ վտանգը մեծացել էր, երեխաներիս հետ տեղափոխվեցինք Դահրավ գյուղը: Սկսվեց չափազանց դժվար մի ժամանակաշրջան: Երեխաներս չէին տեսնում իրենց հորը, իսկ ես բացատրում էի, որ նա ողջ հայության հետ ազատության համար է պայքարում:
․․․Վերջացան վտանգներով և արհավիրքներով լի այդ տարիները: Ժողովուրդը հաղթեց՝ կերտելով ազատ ու անկախ Արցախ։ Սակայն թշնամին չէր հանգստանում․ հաջորդեցին ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմները, որոնց միջով անցավ արցախցին ու մնաց կանգուն։ Այդ պատերազմներին մասնակցել են իմ տղաները, իսկ 70-ամյա ամուսնիս՝ աշխարհազորային էր։ 2020-ին պատերազմի դաշտում էր նաև թոռնիկս։
Ես ոչ մի րոպե չեմ լքել Արցախը և հնարավորինս աշխատել եմ օգտակար լինել։ Ասկերանցի մի քանի կանանց հետ հաց ենք թխել, որ հասցնենք մեր տղաներին ու բնակչությանը։ Դժվար կացության մեջ էինք բոլորս, և ես միշտ աշխատել եմ իմ խորհուրդներով ու խրատներով ոգևորել մեր զինվորներին, որպեսզի նրանք զգան, որ մենակ չեն և ունեն մայրերի հզոր բանակ։
2020-ի պատերազմից հետո մեր ժողովուրդը կարողացավ ուժ հավաքել ու շարունակեց ապրել իր հողում։ Սակայն 2023-ի սեպտեմբերը մեզ զրկեց աշխարհի ամենագողտրիկ ու հրաշալի անկյունում ապրելու հնարավորությունից։ Ապրեցինք մեր կյանքի ամենադաժան պահերը։ Մեկ օրում հարյուրավոր տղաներ զոհվեցին, որոնց ծնողներին, կանանց ու երեխաներին սփոփելու խոսքեր չեմ գտնում։ Ստեփանակերտի օդանավակայանում ծանր օրեր ունեցանք, այդ ապրումները մինչև այսօր չեն լքում մեզ։ Սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունից հետո, դավաճանված արցախցին հետևում թողնելով մի ողջ կյանք, ձեռնունայն հեռացավ իր սուրբ երկրից։ Մենք կորցրինք մի երկիր, որտեղ արցախցի-հայն իրեն լիարժեք էր զգում: Չեմ կորցնում հույսս, որ մի օր կվերադառնանք Արցախ․ հավատում եմ Աստծո զորությանը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: