ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հավաք անցկացրեց Հանրապետության հրապարակում։ Նա հանրահավաքների շարք է սկսում։
Հայրիկյանն ասաց, որ իր ծրագիրը հետեւյալն է՝ հանրության կողմից լիազորություն ստանալու դեպքում իշխանություններին պահանջներ է ներկայացնելու։ «Ասելու ենք՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քննարկմանը ներկայացրու բացարձակ ժողովրդավարության իմ նախագիծը։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան պետք է տաք, դուք կես միլիարդ արդեն աշխատավարձ եք տվել (սահմանադրական հանձնաժողովների անդամներին – խմբ․) եւ ոչինչ չեք արել։ Մինչդեռ, նորմատիվ ակտով նախատեսված է, որ այլընտրանքային տարբերակներն ու առաջարկները նույնպես պետք է քննարկվեն։
Եթե Նիկոլ Փաշինյանը հակառակվում է, ուրեմն առավել եւս ինքը չի կատարում իր պարտականությունները, ինչպես շատ դեպքերում չի կատարում նորմատիվ ակտով սահմանված իր գործերը։ Ինքը դա պետք է կատարի, նախագիծն անմիջապես գնում է Ազգային ժողով, որովհետեւ մասնագիտական հանձնաժողովը չի կարող դրական կարծիք չտալ քաղաքացիների իրավահավասարությունը երշախավորող, Հայաստանն աշխարհի թիվ մեկ ժողովրդավարական պետություն դարձնող նախագծին։ Պառլամենտում, ես վստահ եմ, որ երկու շաբաթվա ընթացքում դա կընդունվեր, կսահմանվեր օրը, եւ Սահմանադրության հանրաքվե, որից հետո՝ նոր ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը եթե ուզում էր մասնակցել ընտրություններ, պետք է հրաժարական տար։ Ինչ վերաբերում է իրեն պատասխանատվության կանչելուն, մանավանդ ապօրինի աշխատավարձեր տալու համար, դա արդեն այլ հարց է։ Սրանից ելնելով է, որ ասում եմ՝ ամենաուշը երեք ամսվա ընթացքում մենք կարող ենք ունենալ նոր ընտրություններ՝ արտահերթ»,- ասաց նա։
Պարույր Հայրիկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո իշխանության պետք է գա իսկապես ժողովրդավարական եղանակով ձեւավորված նոր իշխանությունը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարություններին, Պարույր Հայրիկյանը նշեց, որ իշխանությունները շեշտադրում են, որ կառավարման համակարգը չի փոխվելու։ Այնինչ, աշխարհում նոր Սահմանադրություն ընդունում են այն դեպքում, երբ կառավարման համակարգը պետք է փոխվի։ Եթե ոչ, պետք չէ, որ Սահմանադրությունը փոխվի, մի քանի փոփոխություն են կատարում գործողի մեջ։ «Այսինքն՝ սա նոնսես է, անգրագիտության գագաթ։ Սա ասում է՝ կառավարման համակարգը պետք է նույն խուժան խորհրդարանական համակարգը մնա։ Այնպես որ, իր այդ կետերի մեջ անմիջապես Սահմանադրության հետ կապված գրեթե ոչինչ չկար։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս գոնե հանրագիտարաններում կարդալ, թե ինչ է նշանակում գաղափարախոսություն, որովհետեւ խայտառակություն է սեփական աշխարհընկալումը ներկայացնել որպես գաղափարախոսություն»,- ասաց Հայրիկյանը։