ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հսկայական ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով ստորագրել համաձայնագիր ուկրաինական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը Ամերիկային փոխանցելու մասին։ Օգտագործվել են նույնիսկ սպառնալիքներ. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։
Ըստ նրանց՝ Սպիտակ տունը սպառնում է անջատել ուկրաինական Starlink արբանյակային կապը, ինչը խիստ կարևոր է Ուկրաինայի զինված ուժերի համար մարտի դաշտում։ Համակարգի անջատման դեպքում ուկրաինական ուժերի վիճակը կտրուկ կվատթարանա, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում։
«Starlink-ի հասանելիության հարցը բարձրացվել է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մերժել է գործարքի առաջին տարբերակը»,- ասվում է հոդվածում։
Սպառնալիքը, ըստ աղբյուրների, կրկին հնչել է հինգշաբթի՝ փետրվարի 20-ին, Զելենսկու և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպման ժամանակ։ Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինային սպառնում է Իլոն Մասկի ծառայության «անխուսափելի» դադարեցումը, եթե նա հրաժարվի Վաշինգտոնին հանձնել իր հանքային ռեսուրսների մի մասը՝ նախկինում տրամադրված ռազմական օգնության դիմաց: «Սա մեծ հարված կլինի Ուկրաինային»,- ասել է աղբյուրը։
Նշենք, որ, ըստ լուրերի, Թրամփը ցանկանում է, որ Կիևը որպես «փոխհատուցում» իրեն իրավունք տա իր հանքային ռեսուրսների 50%-ի հանդեպ՝ մոտ 500 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը մոտավորապես 4-5 անգամ գերազանցում է այն օգնության չափը, որը Վաշինգտոնը տրամադրել է Ուկրաինային վերջին 3 տարիների ընթացքում։ Ընդ որում, փաստաթղթի առաջին տարբերակը չէր պարունակում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, ինչը չէր ընդունել Զելենսկին։ Նա հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ինչից հետո բախվել է Թրամփի ու նրա թիմի հրապարակային վիրավորանքներին ու սպառնալիքներին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգները փոխել է փաստաթուղթը՝ ներառելով Ուկրաինայի ղեկավարի որոշ ցանկությունները։ Երեկ՝ փետրվարի 21-ին, Թրամփը հրապարակավ սպառնացել է, որ Ուկրաինան «դժբախտության մեջ կհայտնվի», եթե Զելենսկին կրկին հրաժարվի ստորագրել համաձայնագիրը։ WSJ-ն պնդում է, որ ուկրաինացի առաջնորդը կարող է ստորագրել սկանդալային փաստաթուղթը արդեն այսօր՝ փետրվարի 22-ին։ Այս մասին հայտնում է Диалог-ը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: