Զգուշացում Պուտինի խոստովանահորից. Կարսի պայմանագիրը մնում է կասկածի տակ

  • 14:55 23.02.2025

Ռուս ուղղափառ եկեղեցու Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոն Շևկունովը, ով համարվում է Վլադիմիր Պուտինի հոգևոր խոստովանահայրը, հայտարարություն է արել բյուզանդական մեծությանը վերադառնալու մասին։ Կադրերը հասանելի են «Ուկրաինա 365» Telegram ալիքում։

Ռուսաստանը և Թուրքիան Բյուզանդական կայսրության փլուզումից հետո վերջին մի քանի դարերի ընթացքում պայքարում են «Երրորդ Հռոմ» կոչման համար։ Տարածքային առումով Թուրքիան գրավել է Արևելյան Հռոմեական կայսրության մեծ մասը, սակայն Մոսկվան համարում է, որ Ռուսաստանն է դրա «ուղղափառության» հոգևոր ժառանգը։

Շևկունովը քննադատել է Ռուսաստանի իշխանությունների՝ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու փորձը։ Միտրոպոլիտի կարծիքով՝ դա երկիրը կտանի դեպի 1917 թվականի կրկնություն, երբ փլուզվեց Ռուսական կայսրությունը։

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո փլուզվեց 6 կայսրություն, այդ թվում՝ Ռուսական և Օսմանյան։ Ռուսաստանը 1917-18 թթ հրաժարվել է իր բազմաթիվ գաղութներից՝ հօգուտ Թուրքիայի։ Իսկ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը հայկական հողերը բաժանեցին երկու երկրների միջեւ։

«Մեր իշխանություններից շատերը ամերիկացիների հետ հանդիպումից հետո բարձր ոգևորված են։ Բայց բոլոր մեծ ուղղափառ կայսրությունները՝ Բյուզանդիան և Ցարական Ռուսաստանը, ընկան լատինների, Արևմուտքի մեքենայությունների պատճառով։ Աստված մեզ համար փրկեց Ռուսաստանը, ծնկներից բարձրացրեց, և պետք չէ նորից խոնարհվենք Արևմուտքի առաջ։ Ես տեսնում եմ, որ շատերն արդեն ուզում են խաբվել, և մեզ սպառնում է վերնախավի պառակտում, ինչպես 1917 թվականին… Մինչ Ամերիկան ​​գայթակղում է մեզ, Սատանայի որդի Զելենսկին հյուսում է իր ինտրիգները Թուրքիայում, որտեղ սուրբ Կոստանդնուպոլիսն է։ Սա սատանայի ծաղր չէ՞: Բայց մենք թույլ չենք տա, որ նա տոնի իր հաղթանակը։ Եվ ես հավատում եմ, որ Կոստանդնուպոլիսը կվերադառնա իր հայրենի նավահանգիստ, ինչպես Ղրիմը»,- ասել է Շևկունովը:

Նոր աշխարհակարգը կկառուցվի ոչ թե Երկրորդ, այլ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման վրա։ «Վերանայումը» սկսվեց 2020 թվականի Արցախյան պատերազմից, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան փորձեցին հիմք ստեղծել 1921 թվականի Կարսի և Մոսկվայի պայմանագրերի երկարաձգման համար։ Բայց նույնիսկ 2023-ի ագրեսիայից և Արցախից հայերի բռնագաղթից հետո 1921-ի պայմանագրերի օրինականությունը մնում է հարցականի տակ։

Ռուսաստանն ու Թուրքիան պնդում են, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրություն՝ Կարսի պայմանագիրը «գետնի վրա խարսխելու» և ամերիկյան արբիտրաժին վերադարձը կանխելու համար։