Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և մանկաբույժ Հասմիկ Ղահրամանյանը 2023թ. սեպտեմբերյան պատերազմի հետևանքով տեղահանվել ու այժմ որպես մանկաբույժ աշխատում է Էջմիածնի բժշկական և ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոններում։
«Պատերազմը միանգամից սկսվեց, բոլորովին չէինք սպասում։ Հիվանդանոցում էինք ու կարծես մեզ վրա էին գնդակոծում։ Մենք 44-օրյայից գիտենք, թե նման դեպքերում ինչ պետք է անեինք։ Քանի որ մեր հիվանդանոցը նկուղային հարկ չուներ, պատերազմի ժամանակ բուժօգնությունը կազմակերպում էինք դպրոցի ապաստարանում։ Այս անգամ մինչև բուժանձնակազմով կողմնորոշվեինք՝ արդեն առաջին վիրավորները բերեցին։ Հրետակոծությունից և անօդաչուների հարվածներից զոհվեցին ու վիրավորվեցին Մաճկալաշեն գյուղի խաղաղ բնակիչներ, որոնց հասցրեցին մեր հիվանդանոց։ Մենք հազիվ ցուցաբերում էինք առաջին բուժօգնությունը և շտապօգնության մեքենաներով ուղարկում Մարտունի, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ Վիրավորներին հնարավոր էր տեղափոխել, քանի թուրքերը ճանապարհը չէին փակել։ Մեր վերջին մաճկալաշենցի վիրավորին՝ 25-ամյա Փայլակին, որ գլխից էր վիրավորվել, չկարողացան հասցնել Ստեփանակերտ և նա մահացավ»,- հուզված ներկայացրեց 63-ամյա բժիշկը։
Ճարտարի հիվանդանոցում գլխավոր բժշկի հետ միասին բուժօգնություն էր ցուցաբերում ատամնաբույժ Նվեր Բաղդասարյանը։ Նրանց սակավաթիվ բուժանձնակազմը ջանում էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։ Ծանր վնասվածքներ ստացածների արյունահոսությունը կանգնեցնում էին, ցավազրկում, շոկից հանում և ուղարկում Մարտունու բուժհաստատություն։ Թեթև վնասվածքներ ունեցողներին վիրակապում էին ու եղած սուղ միջոցներով տեղում համապատախան բուժօգնություն իրականացնում։
«Մինչև պատերազմը ժողովուրդն արդեն իսկ հյուծված էր։ Շրջափակման ժամանակ ամեն նեղությունների համբերում էին, հուսալով, որ ճանապարհը շուտով կբացվի, սակայն եղավ հակառակը։ Հուսախաբ ու սոված այդ վիճակում էլ պատերազմը սկսվեց։ Պատերազմի նախօրյակին երբ մայրիկներն երեխաների հետ գալիս էին ինձ մոտ, արդեն հյուծված էին՝ գլխապտույտի, գլխացավերի, ուշագնացության բողոքներ ունեին։ Ծնողներն իրենց բաժին սնունդը երեխաներին էին տալիս, ինչն էլ անդրադառնում էր մայրերի առողջությանը։ Հատկապես քաղցրի պակասը դժվար էր լրացնել։ Ցրտի, սովի և վառելիքի, գազի, էլեկտրականության բացակայության պայմաններում հիվանդները հյուծվում, հիվանդություններն էլ երկար էին տևում։ Վառելիք էլ չկար, որ հետազոտությունների ուղարկենք և նրանց վիճակն ավելի էր բարդանում»,-տեղեկացրեց Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Վերհիշելով մեկօրյա պատերազմի ահասարսուռ վիճակը, բժիշկը պատմեց, որ սեպտեմբերի 20-ի կեսօրին տագնապած էին։ Հայտնվել էին շրջափակման մեջ և տեսանելի էին մոտեցող թշնամիները։ Հրադադար հայտարարվելուց հետո Ճարտարի մոտ սոսկալի մարտ սկսվեց, որում քաջաբար զոհվեցին 11 հայորդի։
«Այդ ժամանակ հիշեցի 1915թ. արյունալի պատմությունները ու մտածեցի, որ շուտով մեզ հետ նույնն է լինելու։ Ասում էի՝ Տե՛ր, թող քո կամքը լինի ու եթե մեր խաչելության ժամն է՝ խաչվում ենք։ Վայրկյան առաջ սպասում էինք զինադադարի, որ փրկվենք…բայց նույնիսկ այդ պահերն ավելի երանելի էին, քան, երբ հայտնեցին, որ տեղահանվելու ենք։ Երազում էլ չեմ պատկերացրել, որ նման իրավիճակ կլինի, չէի հավատում։ Զանգեցի եղբորս, որը հավաստեց, որ ըստ շրջանների տարհանում են։ Երբ զանգեցի աղջկաս ու իմացա, որ ընտանիքով արդեն աէրոպորտում են, ծնկներս թուլացան, հույսերս փլվեցին։ Ամենածանրն ինձ համար բռնագաղթի լուրն էր, երբ քրոջս տղան սեպտեբերի 25-ին եկավ հիվանդանոց, թե՝ տեղահանվում ենք ու պետք էր շարասյունից հետ չընկնել»,- ծանր ապրումները վերհիշեց բժիշկ Ղահրամանյանը։
Նա տուն անգամ չմտնելով գիշերը շարասյան հետ ճանապարհվեց։ Բժիշկը չի մոռանում այդ սարսափելի օրերը՝ սոված, հուսահատված մարդկանց դժբախտացած ու շվար դեմքերը ու անձրևի տակ բեռնատար ավտոմեքենաների թափքի մեջ իրենց երեխաներին գրկած ծնողներին։
«Ամեն ստուգման անցակետում դողում էինք ու ամենաշատը մեր տղամարդկանց համար էի անհանգստանում, որ հանկարծ չբռնեն։ Կեսգիշերին հասանք Գորիս ու երբ տեսանք այն երիտասարդներին, որ կանգնած բոլորին դիմավորում էին ջրով, քաղցրավենիքով, հաց ու պանրով, ասեցի՝ փառք Աստծո, էս աշխարհքում մի տեղ կա, որ չեն հալածում, ուրախանում են մեզանով…
Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային շատ կազմակերպություններ կան ու ես հիմա չգիտեմ, թե ո՞ր իրավունքներն են պաշտպանվում։ Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքակրթվի, որ կարողանա ապրելու, սեփականության, հայրենիք ունենալու իրավունքները պահպանել։ Թող լինի մարդու իրավունքների հարկադիր պաշտպանության կազմակերպություն, որն ուժով կպաշտպանի մարդկանց իրավունքները, քանի որ միակ իրավունքը՝ ուժի իրավունքն է։ Համարյա մեկ տարի մահվան վտանգի տակ զրկվելով կենսական պայմաններից, միջազգային հանրության առջև ունեզրկվեց, հայենազրկվեց ու ցեղասպանվեց մի ողջ ժողովուրդ, որտե՞ղ է քաղաքակրթությունը»,-հարցադրում է անում մեր զրուցակիցը։
Նա վրդովվում է, երբ ոմանք ասում են՝ արցախցիները չեն կռվել, թողել, եկել են։ Հյուծված ու արյունաքամ մի ժողովուրդ առանց մայր Հայաստանի ու ՌԴ խաղաղապաների օգնության որքան հնարավոր էր՝ դիմագրավեց։ Բժիշկը պատմեց, որ թուրքական զրահամեքենաներով ու ոչ թե տասնյակ, այլ հազարավոր զինվորներով շրջափակել էին Ճարտարը։
«Եթե 5 րոպե էլ շարունակվեր պատերազմը, մենք այլևս չէինք լինի։ Տիեզերական կռիվների նման էր, որ վերևից ու ներքևից կրակ էր թափվում և ի՞նչ պիտի անեին անզեն մարդիկ։ Ով ասում է, թե ինչի՞ եք եկել, երևի ուզում է ասել՝ ինչի մինչև վերջին մարդը չեք մահացել։ Գիտեմ, որ կան լավ մարդիկ, մտավորականներ, իսկական հայեր, որ այդպես չեն մտածում։ Ես հույսս երբեք չեմ կորցնի ու պատրաստ եմ նպաստելու, որ Աստծո օգնությամբ միավորվեն իրական հայկական ուժերը և ունենանք հայրենանվեր, բարեպաշտ առաջնորդ ու կկարողանանք մեր ընկած վիճակից բարձրանալ։ Ես հավատում եմ»,- հավելեց տեղահանված բժիշկը։
Զառա Մայիլյան