Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ուզում եմ խնդրանքով դիմել մեր արցախցիներին. հուսով եմ, որ ինձ կաջակցեն երաժիշտները, ուսուցիչները, մշակույթի և արվեստի գործիչները, ինչպես նաև հասարակ արցախցիները։ Արցախից ներկայացուցչության և այնսեղ նստած կառավարիչների, ինչպես նաև ամեն տեսակ փրկիչների վրա հույս չկա։
Երեկ երեկոյան համացանցում ռեպորտաժ և տեսանյութ հեռարձակվեց, որը պատմում էր մեր հայրենակից Կարեն Նասիբյանի ճակատագրի մասին։
Նրան Արցախում շատերն են ճանաչել ու միասին աշխատել, բայց քչերին է հայտնի նրա տխուր ճակատագիրը։ Ես այս տեսանյութը ուղարկեցի բոլորին, ում ճանաչում էի մեսենջերի միջոցով՝ հուսալով, որ գոնե ինչ-որ մեկը կարձագանքի։
Նրանց համար, ովքեր տեղյակ չեն:
Կարենը մեր մանկավարժ-տեսաբան Արմեն Նասիբյանի որդին է, ով մինչև իր օրերի ավարտն աշխատեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ տնօրենն էր 1975 – 1983 թվականներին, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ է (1989 թ.), Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ։
Կարենն այժմ ծանր վիճակում է։ Ես չկարողացա նույնիսկ մինչև վերջ դիտել այս ռեպորտաժը։ Ամբողջ գիշեր լաց եմ եղել: Մեզանից շատերը մարտ ամսից կհայտնվեն նույն աղետալի վիճակում։
Իմ խնդրանքը՝ օգնեք, ով կարող է։ Նա ոչինչ չի պահանջում։ Բայց մենք գիտենք, թե այս իրավիճակը ինչպես կազդի նրա առողջության վրա։ Միգուցե ինչ-որ մեկը կարող է օգնել նրան աշխատանք գտնել: Ի վերջո, նա լավ երաժիշտ է և ուսուցիչ, երկար տարիներ աշխատել է որպես լարող։
Ես ուղղակի ամաչում եմ նրանցից, ովքեր Արցախի օրհներգի ներքո հանդիսավոր երդում էին տվել ծառայել Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր օգնության ձեռք չմեկնեցին այս նույն օրհներգի հեղինակի որդուն։
Հիշեցնենք, որ Կարեն Նասիբյանի մասին ռեպորտաժներ հրապարակվել են Forrights -ում և «Ազատություն» ռադիոկայանի կայքում։ Կարենը հայտնի երաժիշտ է, ավարտելով Երևանի կոնսերվատորիան, 28 տարի դաշնամուր է դասավանդել Արցախում։ Բռնի տեղահանությունից հետո նա վերաբնակեցվել է Դիլիջանի նախկին գիշերօթիկ դպրոցի շենքում, որտեղ գոյության բոլոր պայմանները անջատվել են։ Նա չի կարողանում աշխատանք գտնել, ինչի պատճառով էլ ստիպված է գոյատևել անմարդկային պայմաններում և փնտրել օրվա հացը։
Forrights-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ ՀԷՑ-ն ու Գազպրոմը դադարեցրել են էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ծառայությունները։ Նախարարությունը այնտեղ բնակվող շուրջ 15 արցախցիների առաջարկում է տեղափոխվել սոցիալական այլ կացարաններ։
Կարեն Նասիբյանը Forrights.am-ին փոխանցեց, որ իրեն առաջարկել են Երևանում գտնվող հանրակացարանում բնակվել իր հետ որևէ ազգակցական կապ չունեցող տղամարդու հետ։ «Ինձ առաջարկել են, որ Երևանում՝ մի փոքր սենյակում, ուրիշ մարդու հետ ապրեմ, ոչ բարեկամ է, ոչ բան։ Ես ո՞նց ուրիշի հետ ապրեմ։ Ես խնդրել եմ, որ Երևանում՝ հանրակացարանում մի սենյակ տան, գնամ, ապրեմ, բայց ասում են՝ չկա»,-ասաց Կարեն Նալբանդյանը՝ նշեշլով, որ դեմ չէ տեղափոխվել նախարարության առաջարկած նոր կացարանը, սակայն, չնայած, որ լույսն անջատել են իր վրա, չեն էլ ցանկանում հրատապ կարգով տեղափոխումն իրականացնել։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: