«Արցախ Ալյանս» երիտասարդական կազմակերպությունը Արցախի բռնատեղահանությունից հետո մեկնարկեց մի նախագիծ, որը վավերագրությունների շարք է՝ Արցախի տարբեր շրջաններից ու գյուղերից։
Օրերս Երեւանում կայացավ կազմակերպության նկարահանած ֆիլմերից առաջինի ցուցադրությունը, որին ներկա էին ֆիլմերի հերոսներն ու իրար հանդիպելու ոչ մի առիթ բաց չթողնող, համայնքային կյանքի կարոտ արցախցիներ։ Մարդիկ, ովքեր կորցրել էին ամեն ինչ, պատմում են իրենց տան, պատերազմների, երազանքների ու կարոտի մասին։
«Մենք փորձեցինք որքան հնարավոր է արագ սկսել նկարահանումները, որպեսզի մարդկանց հուշերը չխամրեն»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Զոյա Սարգսյանը։
Կազմակերպությունը ստեղծվել է Արցախում, Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ, եւ չնայած շրջափակմանը, հնարավոր է եղել որոշ ծրագրեր իրականացնել Ստեփանակերտում եւ Մարտունում։
«Երբ եկանք այստեղ, կարծում էինք ոչինչ չենք կարողանա անել եւ իմաստ էլ չկա, բայց նորից ուժ գտանք մեր մեջ շարունակելու մեր գործունեությունը ՝ վավերագրելու մեզ հետ կատարվածը եւ աշխատելու հանուն Ռուբեն Վարդանյանի տեսլականի, նրա երազած հայրենիքի»,-նշում է Զոյան։
Ֆիլմաշարը, որ նկարահանել են անցած տարվա ընթացքում, ընդգրկում է 50 պատմություն, 50 ճակատագիր ու կարոտ։ Այս ֆիլմերը կարծես կամուրջներ են հիշողության ու հույսերի միջեւ։
Ֆիլմաշարերից զատ, նախագծել են արտեֆակտների հավաքագրում եւ նկարահանում։ Նորաստեղծ կայքում ե՛ւ ֆիլմերն են, ե՛ւ բերված հիշողությունները։
«Հավաքվել ենք, ոչ այնքան կիսելու, որքան ամբողջացնլու մեր հուշերը։ Այն ինչ մեր սրտում եւ մտքում է՝ պետք է մասունք առ մասունք պահել եւ ամբողջացնել, տանել Արցախ, իսկ որ դա լինելու է ոչ ոք կասկած չունի»,- իր խոսքում նշել է Նարինե Աղաբալյանն ու հավելել, որ Ռուբեն Վարդանյանը ուրախ կլինի, լսելով, որ իր սիրելի երիտասարդները շարունակում են միասին սկսած գործն ու Արցախի սրտի զարկերը դեռ բաբախում են։
Միջոցառման ներկաները ֆիլմի հերոսների խոսքով մտովի այցելեցին Մարտունի, Հադրութ, Ստեփանակերտ, ֆիլմի կադրերով շրջելով հայրենի հողում՝ ամեն մեկն իր երազով ու հույսով լեցուն։ Վավերագրությունների նկարահանումները դեռ շարունակվում են եւ ֆիլմերը պարբերաբար կցուցադրվեն առաջիկայում։
Մարիամ Սարգսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: