Լուսանկարը՝ Forrights-ից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը տեղեկացրել է, որ Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։
Հիշեցնենք, որ խոսքն այն նույն շենքի մասին է, որտեղ 15 արցախցի էին բնակվում, նրանց այլ կացարան են առաջարկել, բայց մինչ բոլորի տեղափոխումը անջատել են լույսն ու գազը։ Մարդիկ ձմեռվա կեսին մնացել են ցրտի եև անելանության մեջ։
Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու, ասում է նախարարությունը։
Չշահագործվող, լքված շենքում վերջին տարիներին ինքնակամ բնակություն էր հաստատել ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 40 հայրենակից․ նրանցից շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձինք ուղեգրվել են խնամքի կենտրոններ, նախարարության առաջարկով ընտանիքների մի մասը տեղափոխվել է Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Մարալիկում գտնվող սոցիալական կացարաններ, ոմանք էլ նախընտրել են ապրել վարձակալությամբ տներում։
Այս պահին շենքում մնացել է 12 անձ, որոնց ևս առաջարկվել են առավել ապահով ու արժանապատիվ պայմաններ։ Նրանցից մեկն առաջիկա օրերին կտեղափոխվի Աբովյանում գտնվող սոցիալական բնակֆոնդ։
Ընտանիքներից մեկը՝ 8 անձից բաղկացած, պատրաստվում է տեղափոխվել վարձակալությամբ ապրելու (կարող են դիմել նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին), մյուս 3 անձանց հետ քննարկվում են տեղափոխման հնարավոր տարբերակները։