«Տեղ ազատենք հույսի համար»․ Ծովինար Բարխուդարյան

  • 20:58 23.02.2025

Արցախի Հանրային հեռուստատեսության մեկնաբան Ծովինար Բարխուդարյանը, ումից լավ լուրի սպասում ունեինք Արցախում, ունեցավ իր գիրքը՝ մեր բոլորիս ճակատագրերի ու ցավի վավերագրումը՝ «Վերջին կարմիր շրթներկը»։

Օրերս NewMag հրատարակչության գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնի շրջանակներում լույս տեսավ նաեւ Ծովինարի գիրքը։ Չորս պատերազմների միջով անցած Ծովինարն, ով հեռուստատեսային իր ուղին սկսել է «Կարկաչ» ծրագրում, իր կարկաչուն ծիծաղով ուժ ու հույս էր հաղորդում ամենադժվար օրերին։

«Պատերազմներն ինձ սովորեցրել են չվախենալ, բայց վերջին իրադարձությունները վախի եւ բոլոր զգացողություններն են մեզանից խլել»,- ասում է Ծովինարը։

Տեղահանությունից հետո Ծովինարն իր արդեն հարազատ հեռուստատեսությունում՝ «5-րդ» ալիքում մեկնարկեց «Ականատեսը» հեռուստանախագիծը, որը Ծովինարի պատերազմական օրագիրն էր՝ մինչեւ տեղահանությունը։ «Ականատեսն» ու 12 կանանց իրական, ցավոտ պատմություններն այժմ գիրք են դարձել Ծովինարին շատ բնորոշող՝ «Վերջին կարմիր շրթներկը» վերնագրով։

«Ծովինարի «Ականատեսը» պատմեց բոլոր արցախցիների անունից եւ ռեաբիլիտացվող Ծովինարի հետ ռեաբիլիտացվում էր Արցախի ժողովուրդը՝ Ծովինարի պատմածով»,- գրքի շնորհանդեսին նշել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ամենավատ բանն աշխարհում փակվող աչքերում վերջինը լինելն է։ Մարդիկ, գուցե կուզենային այդ պահին կողքին տեսնել ծնողին, հարազատին, կնոջը, երեխային, բայց վերջին հայացքում մնում ես դու»,- իր համար ամենադժվար պահերի մասին է պատմել Ծովինարի 12 հերոսներից բժիշկ Հերմինե Զարգարյանը, ում համար պայթյունից հետո Արցախը մի այլ կերպ է դաջվել հուշերում։

«Հաճախ, երբ գնում եմ հարցազրույցի, ամեն ինչ կորցրած մարդիկ դժվարանում են պատմել, ասելով՝ մեզ մնացել է մեր ցավը, դա է՞լ ես ուզում վերցնել։ Բայց սիրելի իմ հայրենակիցներ, ցավը պատմել է պետք, որ հույսի համար տեղ ազատենք»,-ասում է Ծովինարն ու հավատում, որ աղոթելով, դարձի գալով մի օր կվերականգնենք այն դրախտը, որ խլվել է մեզնից։

Մարիամ Սարգսյան

f