Հայաստանում իշխանության և մերձիշխանական շրջանակների մակարդակով շարունակում են հնչել արցախցիների նկատմամբ վիրավորական և արհամարհական վերաբերմունք պարունակող հայտարարություններ։ Այս հայտարարությունները կարծես թե նպատակ ունեն թաքցնել Արցախի և արցախցիների խնդիրը մոռացության տալու Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ «Արհամարհական» հայտարարություններն այն մասին, որ արցախցիները չեն կռվել կամ հայ չեն, կոչված են հայ հասարակությանը ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը «արժանի չէ» ջերմ ընդունելության և օգնության։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ու հարցազրույցներում գործնականում չի խոսում արցախյան խնդրի մասին՝ այն համարելով փակված։ Մյուս կողմից՝ իշխանությունը որոշումներ է կայացնում, որոնք պետք է վերջնականապես փակեն արցախցիների հարցը՝ ստիպելով նրանց կա՛մ արտագաղթել, կա՛մ անիրավ վերաբնակեցնել Հայաստանի սհմանամերձ հատվածներում։
50 հազար դրամ օգնության դադարեցնելը արցախցիների մոտ խուլ հուսահատություն է առաջացրել։ Շատերը բողոքի ակցիաների կոչ են անում, իսկ մյուսներն ասում են, որ այս երկրում բողոքի ակցիաները հիմա միայն մեկ արդյունք ունեն՝ մի երկու անցանկալի մարդկանց կձերբակալեն, իսկ հարցը չի լուծվի։
Արցախցիներն այժմ միայն հրաշքի հույս ունեն, որը չի լինում։
Տանտերերը սկսել են համաձայնվել բնակարանների գների որոշակի նվազմանը, սակայն դա հարցը չի լուծում։ Հարցը պետք է լուծվի իշխանության մակարդակով։ Իսկ կառավարության երկու ձախողված ծրագրերը՝ արցախցիների բնակարանաշինությունն ու զբաղվածությունը, փակում են բոլոր ելքերը:
Եթե չկա բնակարան ձեռք բերելու հույս և աշխատանք, որը թույլ կտա ընտանիք պահել, իսկ պետական օգնությունը դադարեցվում է, ապա սա արցախցիների Հայաստանից վտարման ուղիղ ճանապարհ է։
Կարելի է խելոք դեմքով թվարկել, թե ինչ “գլոբալ” խնդիրներ է փորձում լուծել Հայաստանի իշխանությունը արցախցիների հաշվին՝ բնակեցնել սահմանամերձ տարածքները, հեռացնել «ռեւանշիստ» արցախցիներին քաղաքական ու հասարակական կյանքից և միևնույն ժամանակ քաղաքական դիսկուրսից հեռացնել հայկական հողերի ապաօկուպացիայի թեման։ Բայց այս փաստարկները ոչ մի կերպ չեն արդարացնում ղարաբաղցիներին օգնելու դադարեցման անմարդկային որոշումը։
Սոցիալական հարցերի նախարարը ցինիկաբար ասում է, որ դա արվում է, որ արցախցիները, ովքեր իբր 50 հազարի վրա են հույս դնում, աշխատանք գտնեն, քաղաքացիություն վերցնեն ու աստծուց լքված գյուղերում տուն գնեն տված սերտիֆիկատով։ Նախարարը չի ընդունում, որ արցախցիների համար մեր մեջ ասած հիմար զբաղվածության ծրագիր մշակելու վրա ծախսված գումարները մսխվել են. այս գումարով հնարավոր կլիներ բացել մի քանի ձեռնարկություններ, որտեղ արցախցիները կաշխատեին ու փող կվաստակեին՝ չսպասելով պետական օգնության։
Բայց ոչ, կառավարությունը նախընտրեց արցախցիների զբաղվածության ծրագրի համար միջոցները հատկացնել գործող հայաստանյան ընկերություններին, որոնք պետք է արցախցիներին աշխատանքի ընդունեին անկապ բարդ սխեմայով։
Ինչ վերաբերում է բնակարանային ապահովման ծրագրին, ապա այն ի սկզբանե մեռելածին էր՝ թե՛ վկայագրերի տրամադրման կարգի և պահանջների առումով, թե՛ հատկացված գումարի, թե՛ հիփոթեքային վարկ ստանալու անհնարիութան առումով։ Այն, որ հարցը քաղաքացիություն ընդունելու մեջ չէ, վկայում է այն, որ արդեն քաղաքացիություն և վկայական ստացած մի քանի հարյուր ընտանիքներ դեռևս չեն կարողացել բնակարան գնել, քանի որ դա ի սկզբանե անհնար էր։
Արցախի ժողովրդին օգնության դադարեցման հարցը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես արցախցիներին՝ Հայաստանից բռնի տեղահանման պատմություն։
Նաիրա Հայրումյան