Արցախցիներին հատկացվող 50 հազարների ծրագրի դադարեցումը մարդկանց սոցիալական խնդիրները կսրի։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը։
«Կարելի է ասել՝ այս պահին մեր գյուղացիներից ոչ մեկ էլ ապահովված չէ մշտական աշխատանքով, քանի որ քաղաքացիության հետ կապված եւ այլ խնդիրներ կան։ Ոչ բոլորի առողջությունն է ներում բանվորի աշխատանք կատարելու համար, իսկ ՀՀ կառավարությունը թո՞ւյլ է տալիս արցախցիներին ինչ-որ այլ տեղ աշխատել։ Արցախցիները Հայաստանի Հանրապետությունում կամ բանվորի կարգավճակում են, կամ տաքսիստի։ Բնակվարձերի առումով մեծ խնդիրներ կառաջանան, այդ գումարով գոնե կարողանում էին բնակարանային հարցերը լուծել, ինչ-որ կոպեկներով էլ սննդի հարց լուծել»,- ասաց Արտակ Հակոբյանը։
Նա նշեց, որ Եղցահողից բռնի տեղահանված անձանց հետ ամենօրյա կապի մեջ է, նրանք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում։ Շատերն ունեն սոցիալական խնդիրներ, որոնք հետեւանքով նաեւ որոշ ընտանիքներ արտագաղթում են։ «Հենց մի քանի օր առաջ աշխատանք չունենալու պատճառով եւս մեկ ընտանիք տեղափոխվեց Ռուսաստան։ Եվ այդպես շարունակվում է»,- հավելեց նա։
Արտակ Հակոբյանը Հայաստանի կառավարության այս գործելաոճում միտում է տեսնում։ Մեզ հետ զրույցում, սակայն ասաց, որ չի ուզում այդ մասին շատ խոսել։ «Բայց ինչ վերաբերում է ՀՀ կառավարության դիրքորոշմանը 070 կոդով անձնագրերի վերաբերյալ, ես դա սխալ եմ համարում, որովհետեւ ուզում եմ Արցախի հարցին վեջակետ դնել։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ։ Եթե սա սադրանք չէր, եթե սա կազմակեպված չէր, հարց է ծագում՝ ինչո՞ւ մինչեւ 2020 թվականը Արցախի 070 կոդով անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում վավեր անձնագրեր էին, իսկ հիմա արդեն ոչ։ Մարդիկ կանգնել են խնդիրների առաջ՝ մինչեւ քաղաքացիություն չընդունեն, աշխատանքի չեն տեղավորում, ոչ մի արտոնություն չեն տալիս, նույնը բնակարային ծրագրին է վերաբերում։ Այսինքն՝ այս ճանապարհով վերացվում է Արցախի գաղափարը»,- ասաց նա։
Արտակ Հակոբյանը միաժամանակ ասաց, որ իշխանությունների այս գործողությունների միջոցով հնարավոր չէ փակել Արցախի հարցը։ Նա ասաց, որ անձամբ ինքը ՀՀ քաղաքացիություն չի ստացել, իրեն համարում է Եղցահողի բնակիչ ու համայնքի ղեկավար։ «Եվ ինձ պես մի շարք արցախցիներ նույն կարգավիճակում են։ Այսինքն՝ մարդիկ մտածում են վերադառնալու մասին։ Միեւնույն է, եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիություն էլ ընդունենք, դա ոչ մի բան չի փոխելու մեր կյանքում, ո՞վ է արցախցիների աշխատատեղերի մասին խոսում։ Ինչ վերաբերում է բանակապահովման ծրագրին, մեր համայնքից շահառուներ կան, բայց ոչ մեկի հարցն այս պահի դրությամբ դեռ լուծված չէ։ Տարբեր խնդիրներ կան՝ եւ փաստաթղթերի, եւ բանկերի, եւ վարկերի հետ կապված։ Մի հատ ժամկետանց անձնագիր փոխելու համար եսիմ ինչ թղթաբանություն են անում, ապուպապերի ծննդականներ բերեք, զագսի վկայականներ բերեք։ Բաքվից տեղահանված մարդիկ երրորդ անգամ արդեն բռնի տեղահանման են ենթարկվել, Բաքվում են թողել իրենց անձնագրերն ու ծննդականները, բայց այսօր պահանջում են, ասում են՝ մինչեւ այդ ծննդականը չլինի, ոչ մի հարց չի լուծվում։ Այսինքն՝ մարդիկ այսօր բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած»,- ասաց Արտակ Հակոբյանը։
Արցախի Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքի բնակիչները եւս այդ աջակցության գումարի կարիքն ունեն, թեպետ համայնքի բնակիչների մի մասը աշխատանք գտել են, աշխատում են։ «Բայց աշխատեն, չաշխատեն, այդ գումարը ամեն մեկիս համար էլ մեծ նշանակություն ունի»,- հավելեց նա։
Նասիբյանը նշեց, որ Լիսագորի բնակիչները Հայաստանի տարբեր մարզերոմ են տեղակայված, համայնքի կոմպակտ բնակեցում չկա, բայց փորձում են մարդկանց հետ կապը պահել։
Գագիկ Նասիբյանի խոսքով՝ Լիսագորի բնակիչների շրջանում մեծ արտագաղթ չկա։ «Ինձ չի թվում, որ մարդիկ կփորձեն արտագաղթեն, ուր էլ գնան, ինձ թվում է՝ այստեղից լավ չի լինի։ Հայաստանում մենք մեր հայրենիքում ենք, ցանկալի է, որ այստեղ մնանք»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախ վերադարձի հնարավորություն այսօր չի տեսնում։
Ռոզա Հովհաննիսյան